Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը չի զանգահարել իրեն, որպեսզի ներողություն խնդրի, քանի որ ինքը չի օգտվում հեռախոսից: Ըստ պորտուգալացու խոսքերի` իրեն քիչ է հետաքրքրում շվեյցարացի պաշտոնյայի վերջերս արած անհաջող կատակը, որում նա կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին գերադասել էր «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստից` նշելով, որ վերջինս ավելի շատ ժամանակ է հատկացնում իր սանրվածքներին:
Ռոնալդուն նաև ընդգծել է, որ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակը, որը ստանում է Marca-ի վարկածով իսպանական մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, իր համար մեծ նշանակություն ունի:
«Ես հեռախոս չունեմ: Այն կա իմ քարտուղարի մոտ, սակայն ես դրանից չեմ օգտվում: Դա ինձ քիչ է հետաքրքրում: Ինձ համար շատ կարևոր է ստանալ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակը, ով ինձ մեծ պատիվ ցույց տվեց և անձամբ հանձնեց պարգևը: Ես երջանիկ եմ: Դա է, որ կարևոր է ինձ համար»,- ասել է Ռոնալդուն:









































