ԱՄՆ իշխանությունները մտադիր են բռնագրավել և վաճառել Մանհեթենում գտնվող 36 հարկանի երկնաքերը, որի գաղտնի տերը, ամերիկյան դատախազության տվյալներով, Իրանի կառավարությունն է: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին:
Դեպարտամենտի հայտարարության մեջ նշված է, որ դա ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված խոշորագույն առգրավումն է պատմության մեջ:
Դաշնային դատարանը որոշում է ընդունել հօգուտ առգրավման, քանի որ համարել է, որ շենքի տերերը խախտել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև փողերի լվացման դեմ օրենքները:
Մանհեթենի դաշնային դատախազ Փրիթ Բհարարան հայտարարել է, որ լիովին աջակցում է ամերիկյան արդարադատության նախարարության որոշմանը, քանի որ շենքի սեփականատերն է Bank Melli-ն՝ Իրանի ազգային բանկը:
Բհարարան նշել է, որ բռնագրավված շենքի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն «իրանական ահաբեկչության զոհերի» փոխհատուցմանը: