Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Շտուտգարտ»-ի դեմ խաղի ժամանակ Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել:
Պատճառը խաղի տոմսերի թանկ արժեքն է եղել: Ամենաէժան տեղերի համար դորտմունդյան ակումբի երկրպագուները 19.5 եվրո են վճարել, իսկ նստատեղերի նվազագույն արժեքը 38.5 եվրո է կազմել: Ընդ որում, «Բորուսիա»-ի երկրպագուներին հատկացված տոմսերի քառորդ մասի արժեքը 70 եվրո է արժեցել:
Բողոքելով ընդդեմ նման գնային քաղաքականության, «Բորուսիա»-ի երկրպագուները բաց են թողել խաղի մեկնարկային 20 րոպեները: Նրանք նաև պաստառ են ցուցադրել «Ֆուտբոլը պետք է հասանելի լինի» գրառմամբ:
20 րոպեանոց բոյկոտից հետո երկրպագուները սկսել են թենիսի գնդակներ նետել խաղադաշտ՝ ստիպելով մրցավարին դադարեցնել խաղը: Դորտմունդյան ակումբի խաղացողները դիմել են երկրպագուներին՝ խնդրելով կանգ առնել:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ Տոմաս Տուխելի սաների: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր թիմի գոլերից մեկի հեղինակը:









































