Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան «Լիվերպուլ»-ի հետ հանդիպմանը Շկրտելի հանդեպ վարմունքի համար կարող է որակազրկվել: Այս մասին գրում է բրիտանական «The Independent»-ը:
Դրվագներից մեկում Դիեգո Կոստան խախտել է կանոնները Շկրտելի նկատմամբ, որից հետո «մերսիսայդցիներ»-ի ֆուտբոլիստի հետ ընկել է խոտածածկին, այնուհետև հարվածել է նրա կրծքավանդակին:
Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգն արձանագրել է կանոնների խախտում «Չելսի»-ի ֆուտբոլիստի կողմից, սակայն դեղին քարտ ցույց չի տվել Կոստային:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հետազոտելու է դրվագն ու դիտարկելու է գլխավոր մրցավարի հետխաղյա զեկույցը: Եթե զեկույցում նշված լինի, որ Կլատենբուրգը տեսել է այդ դրվագը, սակայն որոշել է չպատժել լոնդոնյան ակումբի հարձակվողին, ապա Կոստան կարող է խուսափել որակազրկումից:
Հատկանշական է, որ հայտնի մրցավար Հովարդ Վեբի կարծիքով՝ նշված դրվագից հետո Կոստային պետք էր անմիջապես կարմիր քարտ ցույց տալ:









































