Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի հարձակվող Մ՛Բայե Նյանգը խոսել է ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպման մասին (4:0):
««Բարսելոնա»-ն տիրում էր գնդակին: Մենք փորձեցինք երկրորդ խաղակեսում գործել այլ մարտավարությամբ, բայց ավելի մեծ ճնշման տակ հայտնվեցինք: Թվում էր՝ «Բարսա»-ն խաղում է 22 ֆուտբոլիստներով, չնայած, որ նրանք 11-ն էին: Մենք պարտվել ենք, բայց աշխարհի լավագույն թիմին պարտվելն ամոթալի չէ:
Ինչ վերաբերում է իմ գոլային պահին, ապա սպասում էի, որ դարպասապահը կտեղաշարժվի աջ կամ ձախ, իսկ ես կկարողանամ շրջանցել նրան: Արդյունքում հարվածեցի և գնդակը դիպավ դարպասաձողին: Հաջորդ անգամ կփորձեմ օգտագործել նման հնարավորությունը»,- Նյանգի խոսքերը մեջբերում է Italsport-ը:








































