Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ 3+3 ձևաչափը շատ կարևոր մեխանիզմ է Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման համար։
Հաքան Ֆիդանն այդ մասին ասել է Turkiye թերթին տված հարցազրույցում։
«Սա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման համար: Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից: Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում: Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի: Խաղաղությունը, անդորրը և կայունությունը բոլորի օգտին կլինեն: Մենք պետք է փոխենք մեր փոխըմբռնումը: 3+3 բանաձևը կծառայի Կովկասում նշանակալի համագործակցություն իրականացնելուն: Իհարկե, կան խոչընդոտներ: Որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը հասել է լուրջ մակարդակի: Մյուս կողմից, կա նաև ընդհանուր ձգտում»,- ասել է Ֆիդանը։








































