ԱՄՆ հյուսիս-արևելք է շարժվում ուժեղ ձնաբուք՝ հաղորդում է TASS-ը: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա երկու օրերին որոշ շրջաններում կարող է տեղալ մինչև 90 սմ ձյուն:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն կիրակի օրը նախազգուշացրել է, որ մոտեցող ձնամրրիկը կարող է դառնալ «ուժեղներից մեկը կամ նույնիսկ ամենաուժեղը մեգապոլիսի պատմության մեջ», և քաղաքացիներին խնդրել է ցուցաբերել զգոնություն, չօգտվել անձնական ավտոտրանսպորտից և առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ:
Վատ եղանակային գոտում կհայտնվի 30 մլն մարդ՝ Նյու Յորք, Նյու Ջերսի, Կոնեկտիկուտ, Փենսիլվանիա, Մասաչուսեթս և Մեն նահանգներում:
Նյու Յորքի բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել այն բանին, որ երկու օր ստիպված են տնից դուրս չգալ՝ խանութներում գոյացել են մեծ հերթեր մթերքների համար: Շատ մարդիկ գնում են նաև խմելու ջուր, լապտերներ և այլն՝ խմելու ջրի և էլեկտրամատակարարման խաթարումների դեպքերի համար: