Ինչպես հայտնել էինք, Հայաստանի լավագույն ըմբիշերից մեկը՝ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 2009 թ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թ Ռուսատանի, 2013 թ Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ միջազգային բարձրակարգ մրցաշարերի հաղթող, 25-ամյա Միհրան Հարությունյանը նոյեմբերի 27-ին Մոսկվայում մաստեր կլաս՝ վարպետության դաս էր անցկացնելու:
Այդ, ինչպես նաև Տաշքենդի աշխարհի առաջնության սեպտեմբերյան հարաբերական անհաջողության ու առաջիկա ծրագրերի մասին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի թղթակիցը զրուցեց Հարությունյանի հետ.
«Ծանր տարա Տաշքենդի աշխարհի առաջնությունում 38 մասնակիցների մեջ գրավածս 9-րդ տեղը, հատկապես այն պատճառով, որ քառորդ եզրափակչում 4:6 հաշվով զիջեցի 71 կգ քաշային կարգում 2014 թ Եվրոպայի չեմպիոն հունգարացի Թամաշ Լորենցին: Դա Հայաստանի ընտրանի տեղափոխվելու հետ կապված 2 տարվա ընդմիջումի և մրցումային փորձի պակասով էր հիմնականում պայմանավորված: Գոյություն ունի նաև մրցումային հերթականություն, որի միջով պետք էր անցնել:
Պետք է խոստովանեմ, որ երկարատև դադարից հետո հոգեբանական ճնշմանը չդիմացա: Սակայն հավատացեք` ես շուտ թևաթափ լինողներից չեմ: Պետք է ճիշտ գնահատել ունեցածը: Իմ գործն աղոթելն է, աշխատելն ու նպատակներին հասնելը: Իսկ նպատակս յուրաքանչյուր մեկնարկում հաղթելն է: Նշաձողս 2016 թ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն ու հայրենիքիս՝ Հայաստանի պատիվը բարձր պահելն է: Այդ նպատակին հասնելու համար ջանադրաբար, մեծ պատասխանատվությամբ ու նպատակասլաց շարունակում եմ ամենօրյա մարզումներս:
Շատ շնորհակալ եմ ինձ վստահող, իմ ուժերին հավատացողներին ու աջակցողներին: Ջանք չեմ խայի, կանեմ ամեն ինչ ինքնակառավարման իրականցման ու Հայաստանի փառաբանման համար :Հավատում եմ լավագույնին»:
Միհրան Հարությունյանը Բառնաուլում այս օրերին մասնակցում է միջազգային մրցաշարում: Իսկ հետո մինչև նոր տարի մտադիր է ևս մեկ միջազգային մրցաշարի մասնակցել, թեպետ դա դեռ վերջնական չի հստակեցվել, ապա կսկսի նախապատրաստվել 2015 թ հունվարի վերջին կայանալիք Հայաստանի առաջնությանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն










































