Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հավատում է սիրիացի սպաների ու զինվորների՝ իրենց պատմական առաքելությունը կատարելու կարողությանը, այն է՝ երկիրն ազատել «ահաբեկիչների և թաքֆիրիստների (կրոնական ֆանատիկոսներ) գրոհներից»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Սիրիացի ժողովրդի համար ահաբեկչության դեմ պայքարը ճակատագրական է: Սա պայքար է հանուն գոյատևման և անկախության, որում ոչ մի զիջում չի կարող լինել»,- Սիրիայի զինված ուժերի ստեղծման 69-րդ տարեդարձի առիթով զինծառայողներին հղված ուղերձում հայտարարել է Ասադը:
Ասադը իր հիացմունքն է հայտնել «հայրենիքի քաջարի զավակների սխրանքների ու հերոսության» կապակցությամբ՝ նշելով, որ «ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակը ճանապարհ կբացի երկրի խաղաղ վերածննդի համար»:
Ասադի ուղերձը հրապարակվել է այն պահին, երբ սիրիական բանակին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետության»՝ Էլ-Հասիկա քաղաքի գրոհը (Դամասկոսից 610 կմ հյուսիս-արևելք) և ազատել նրանց գրաված մի քանի շրջան: Ծանր մարտեր են ընթանում Համայից հյուսիս: