Աշխարհի երրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի 9-րդ տուրում առավելության հասավ Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և մեծացրեց միավորների տարբերությունը երկրորդ տեղում ընթացող նորվեգացի Մագնուս Կարլսենից:
«Կույր» շախմատի պարտիայում սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Արոնյանից 39 քայլ պահանջվեց Կրամնիկին հաղթելու համար: Արագ շախմատի պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը բավարարվեց ոչ-ոքի արդյունքով:
Մագնուս Կարլսենը չկարողացավ հաղթահարել Վիշվանաթհան Անանդի արգելքը: «Կույր» շախմատի պարտիայում հաղթեց հնդիկ գրոսմայստերը, իսկ արագ շախմատի պարտիայում` նորվեգացին:
Այսպիսով մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Լևոն Արոնյանը մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կարլսենին, ով իր հերթին 1.5 միավորով գերազանցում է երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վիշվանթհան Անանդին: