Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ավարտվեց Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպման առաջին խաղակեսը: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ գոլեր չգրանցվեցին:
Հանդիպման առաջին րոպեները Հայաստանի հավաքականը շատ ակտիվ սկսեց: 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն վերջինս վրիպեց և չկարողացավ հարված կատարել դարպասին: Այնուհետև գերմանացիները աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը: Գերմանացիների կազմակերպած գրոհներից մեկում դեպի դատարկ դարպասն ընթացող գնդակը դարպասային գծից հանեց Հրայր Մկոյնաը, իսկ գրոհներից մյուսում՝ Մարկո Ռոյսը մեն-մենակ մնաց Ռոման Բերեզովսկու դիմաց, սակայն չկարողացավ գրավել դարպասը: Մեր ավագը իր բարձրության վրա էր:
Այնուհետև Հայաստանի հավաքականը մի քանի հակագրոհներ կազմակերպեց, սակայն դրանցից ոչ մեկը չէր ունենում իր տրամաբանական ավարտը: Հարկ է նշել նաև, որ հանդիպման 43-րդ րոպեին Մարկո Ռոյսը վնասվածք ստացավ ու փոխարինվեց:
Գերմանիա – Հայաստան՝ 0:0









































