El Mundo Deportivo-ն հրապարակել է կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մեսսիի հետ իրենց ունեցած հարցազրույցը, որում արգենտինացին համառոտ բնութագրում է ֆուտբոլային աշխարհում հայտնի մարդկանց ու թիմերին:
Տիտո Վիլանովա. Մարդ, որին ես վաղուց եմ ճանաչում: Ուրախացա, որ նա դարձավ «Բարսա»-ի գլխավոր մարզիչը: Տիտոն ցույց է տվել, որ կարող է արդյունքի հասնել: Հուսով եմ՝ նրա հետ մեծ նվաճումներ կունենանք:
Չավի. Որպես լավ ֆուտբոլիստի՝ Չավիին բոլորը գիտեն, քանի որ կարող են տեսնել նրա խաղը: Սակայն նա հանդիսանում է նաև մեծ մարդ, որի հանդեպ ունեմ մեծ հարգանք: Մենք վաղուց ենք ծանոթ: Ինձ համար նա լավ ընկեր է:
Անդրես Ինյեստա. Նույնը կարող եմ ասել Ինյեստայի մասին: Նա ու Չավին նման են ֆուտբոլային տեսանկյունից: Նա հրաշալի մարդ է:
Աբիդալ. Աբիդալն իրոք հրաշք մարդ է: Այն, ինչ նրա հետ տեղի ունեցավ, նա ժպիտով ընդունեց: Նա մեզ ուժ տալիս, չնայած որ մենք պետք է հակառակն անեինք:
Մասկերանո. Խավիերը դարձավ շատ կարևոր ֆուտբոլիստ «Բարսելոնա»-ի համար: Սկզբում շատերն էին կասկածում նրա ուժերի վրա, սակայն նա հակառակն ապացուցեց:
Պելե. Նա մեծ ներդրում ունի ֆուտբոլում: Նա ֆուտբոլի կարևորագույն մասնիկներից է: Ինչ վերաբերում է նրան՝ որպես մարդու, ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ ճանաչում անձամբ:
Մարադոնա. Կարող եմ նրա մասին ասել այն, ինչ գիտեմ: Ես ուղղակի բախտավոր եմ, որ նրան ճանաչում եմ թեˊ իբրև ֆուտբոլիստի, թեˊ իբրև մարդու:
«Ռեալ Մադրիդ». Աշխարհի լավագույն թիմերից մեկը: Նրանց դեմ խաղը միշտ գեղեցիկ է ստացվում: Հանդիսատեսի համար սա մեծ հաճույք է:
Ժոզե Մոուրինյո. Մեծ մարզիչ:
Քրիշտիանու Ռոնալդու. Հրաշալի ֆուտբոլիստ: Նրան անձամբ չեմ ճանաչում, սակայն կարող եմ փաստել, որ աշխարհի լավագույններից է:
Պեպե. Մեծ պաշտպան:
Արգենտինա. Հանդես գալ Արգենտինայի հավաքականում ավագի թևկապով հրաշալի զգացողություն է: Ինձ և իմ երկրի համար կարևորագույն նվաճումներից կլինի Աշխարհի չեմպիոն դառնալը:
«Բարսելոնա». Սա իմ տունն է: Վաղուց եմ այստեղ: Բազմակի կապերով եմ կապված այս թիմին:
«Նոու Կամպ». Սա աշխարհի լավագույն մարզադաշտն է: Անբացատրելի զգացողություն է, երբ հանդես ես գալիս այս մարզադաշտում:
Սանդրո Ռոսել. Շատ բան չեմ կարող ասել: Ես լավ փոխհարաբերություններ ունեմ նրա հետ, ինչպես «Բարսա»-ի բոլոր ֆուտբոլիստների: Նա լավ նախագահ է:
Նեյմար. Նա լավ խաղացող է: Երկար ժամանակ է՝ փայլուն հանդիպումներ է անցկացնում Բրազիլիայում: Դա շատ լավ է:
Ընտանիք. Ընտանիքն ինձ համար առաջնահերթ է: Միշտ եմ ասել՝ առանց ընտանիքիս օգնության, Մեսսին ուրիշ կլիներ:
Աղքատություն. Սա զզվելի բան է: Չեմ ցանկանում որևէ մեկին: Փառք Աստծո, ես առնչություն չունեմ սրա հետ:
Գոլ. Երբ խփում ես, մեծ զգացողություններ ես ունենում: Միշտ հաճելի է:
«Ոսկե գնդակ». Շատ կարևոր մրցանակ է, որն ստացել եմ արդեն երեք անգամ: Հուսով եմ՝ կրկին կստանամ:
Պարտություն. Երբեք չէի ցանկանա պարտվել: Ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում: Ինձ դուր չեն գալիս պարտությունները: Երբ մանուկ էի, այդ ժամանակ էլ չէի սիրում:
Հաղթանակ. Լրիվ հակառակը: Կցանկանայի հաղթել այն, ինչ հնարավոր է: Խաղում ես այն բանի համար, որ հաղթես: Սիրում եմ հաղթել:









































