Դեռևս 7 ամիս առաջ Ֆաբրիս Մուամբան անշարժ պառկած էր «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտի խոտածածկին սրտի կաթվածից հետո: Դրանից հետո երկար ժամանակ Մուամբան բուժվում էր ու մի շարք վիրահատություններ տարավ:
Իսկ ահա հիմա նրա կյանքում դրական փոփոխություններ են եղել: Շաբաթ օրը կայացել է Մուամբայի հարսանեկան արարողությունը Չեշայրում գտնվող «Պեկֆորտոն Քեսլ» անունը կրող 19-րդ դարի ամրոցում, որտեղ ժամանակին տեղի է ունեցել նաև Ռիո Ֆերդինանդի ու Ուեսլի Բրաունի ամուսնական արարողությունները:
Հարսանեկան ճոխ արարողությունը զարդարել են նաև ֆուտբոլային աշխարհի մի շարք այլ ներկայացուցիչներ: Ռոբին վան Պերսին ու նրա կինը Մանչեսթերից ժամանել էին այս արարողությանը, իսկ Թիերի Անրին, ընդհանրապես, Միացյալ Նահանգներից էր եկել, որ ականատես լիներ Մուամբայի ուրախությանը:
Հյուրերի թվում էին նաև Մարտին Պետրովը «Բոլթոն»-ից, Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էնդրյու Քոուլը, «Ռիդինգ»-ի խաղացող Ջեյսոն Ռոբերտսը: Մուամբան նաև հրավիրել էր իրեն բուժած բժիշկների մի մասին՝ իր երախտագիտությունը հայտնելով նրանց իր կյանքը փրկելու համար:








































