Հայաստան-Ռուսաստան հանդիպման արևելյան և արևմտյան տրիբունաների բոլոր տոմսերն արդեն սպառված են, իսկ հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն այսօր են հանվել վաճառքի: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղի աշխատակիցներից: Վերջիններս դժվարացան պատասխանել, թե որքան տոմս է մնացել:
Ինչպես արդեն նշվել է, տոմսերը վաճառվում են անձնագրերով: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գնել առավելագույնը 4 տոմս: Սակայն պարզվեց, որ ցանկության դեպքում նույն մարդը նույն անձնագրով կարող է երկրորդ անգամ ևս 4 տոմս գնել, և տոմսարկղի աշխատակիցները չեն կարողանում վերահսկել իրավիճակը: «Նույն մարդը կարող է մեկ ժամ հետո նորից գալ, մենք դեմքը չհիշենք, ու նորից տոմս տանք»,- ասաց տոմսավաճառներից մեկը:
Այս դեպքում, թերևս, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է տոմսերն անձնագրերով վաճառելու իմաստը: ՀՖՖ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին պատասխանեցին, որ այդ ամենն արվում է երկրպագուների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ըստ նրանց` ռուսական անձնագրերով մարդկանց տոմս չի վաճառվում, որպեսզի վերջիններս նստեն իրենց համար նախատեսված տեղերում, այլապես կարող են հայ և ռուս երկրպագուների միջև վեճեր ծագել: Այդ դեպքում ինչո՞ւ հայկական անձնագրով մարդուն ընդամենը 4 տոմս են տալիս, եթե մեկ ժամ հետո նույն մարդը կարող է ևս 4 տոմս գնել՝ հարցը մնաց անպատասխան: