Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Ադրբեջան – Իսրայել խաղի ժամանակ շատ անպատշաճ ու աղմկահարույց դեպք է գրանցվել: Ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի երկրպագուները չեն թողել, որ Իսրայելի հավաքականի՝ հանդիպման մեկնարկին հնչող օրհներգի ձայնը լսվի՝ սուլոցներով խանգարելով դրան: Վիրավորված իսրայելցիները հայտարարել են, որ չեն պատրաստվում սա անպատասխան թողնել: Այս մասին տեղեկանում ենք իսրայելական Izrus կայքից:
Խաղի ռեժիսորն անգամ միացրել է Իսրայելի ֆուտբոլիստներին մոտ գտնվող տեսախցիկի բարձրախոսը, որպեսզի գոնե ֆուտբոլիստների կատարած երգը լսվի, քանի որ սուլոցներն այնքան բարձր են եղել, որ ոչինչ չի լսվել:
Իսրայելցի մեկնաբան Յորան Արբելը հայտարարել է, որ տասը տարի կարիերա ունենալուց հետո առաջին անգամ է նման բանի ականատես լինում:
Հաղորդման համաձայն՝ ադրբեջանական լրատվամիջոցներն անտեսում են իրենց հավաքականի խայտառակ պահվածքը՝ ոչ մի մեկնաբանում չտալով կատարվածին:






































