ԱՄՆ նախախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ սպասվում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշներն արդեն գտնվում է Շվեյցարիայում։
Ըստ Axios-ի` բանակցությունները նախատեսված էին սկսել ուրբաթ, սակայն հետաձգվել էին Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև մարտերի պատճառով։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք բանակցությունների նոր ժամկետ է սահմանվել։
Տեղեկացված աղբյուրի համաձայն՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթ օրը նախատեսում է մեկնել Շվեյցարիա։ Սակայն աղբյուրը նշել է, որ ծրագրերը դեռ կարող են փոխվել։
Միջնորդ երկրներից մեկի աղբյուրի փոխանցմամբ՝ Արաղչին ուրբաթ օրը մի շարք գործընկերների հայտնել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի համար վճռորոշ նշանակություն ունի:
Մեկ այլ միջնորդ երկրի աղբյուրի խոսքով՝ իրանական կողմը շեշտել է, որ ցանկանում է տեսնել, թե արդյոք հրադադարը կայուն կերպով պահպանվում է, նախքան Շվեյցարիա մեկնելը։
Քաթարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, որը ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդներից մեկն է, ուրբաթ ավելի վաղ ժամանել է Շվեյցարիա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պետք է գլխավորեր ամերիկյան պատվիրակությունը, սակայն հինգշաբթի ուշ երեկոյան վերջին պահին հետաձգել է իր այցը։ Դեռևս անհայտ է՝ նա կմեկնի՞ Շվեյցարիա այս շաբաթվա վերջին, թե՞ ոչ։







































