Ապրիլի 3-ին Ֆինլանդիայում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 1in.am Sport-ի հարցերին պատասխանեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկներից մեկը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
– Ապրիլի 3-ին Ֆինլանդիայում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Ինչպե՞ս եք պատրաստվել, ի՞նչ մարզավիճակում եք ստուգատեսից առաջ:
-Շատ լավ եմ պատրաստվել: Այս տարի արդեն 4 հավաք ենք անցկացրել: Մասնակցել ենք նաև միջազգային մրցաշարի: Մարզավիճակս լավ է:
– Քաշային կարգերի փոփոխությունից հետո 96 կգ-ն, որում Դուք հանդես էինք գալիս, դարձել է 98 կգ: Ի՞նչ կարծիքի եք քաշային կարգի փոփոխությունների մասին ընդհանրապես, արդյունավե՞տ որոշում էր սա:
-Այո, իմ քաշային կարգը 96-ի փոխարեն հիմա 98 կգ է: Նոր քաշային կարգում արդեն մասնակցել եմ մրցաշարի: Կարող եմ ասել, որ այդքան մեծ տարբերություն չեմ զգացել: Ամեն ինչ նորմալ է:
– Կանոնակարգային փոփոխությունների մասին ի՞նչ կասեք: Գոտեմարտերն ավելի արդյունավետ են դարձել, մրցավարները մղում են ակտիվ պայքարի: Ավելի ուժեղ մարզիկի համար կարծես հաղթելու ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
-Այո, նոր կանոններն ավելի լավ կանոններ են: Գոտեմարտերն ավելի ինտենսիվ են: Ըմբշամարտն ավելի դիտարժան է դարձնում:
– Ձեր քաշային կարգում ու՞մ եք համարում հիմնական հակառակորդ:
-Իմ քաշային կարգում 1 մարզիկի չեմ կարող առանձնացնել որպես հիմնական հակառակորդ: Կան 6-7 հզոր մրցակիցներ:
– Սոֆիայի միջազգային մրցաշարում, որի Դուք անդրադարձաք, 3 ոսկե մեդալ նվաճեցինք: Դուք ոսկե մեդալ նվաճած մարզիկների թվում էինք, ճանաչվեցինք նաև մրցաշարի լավագույն մարզիկ: Արդոք սա վկայու՞մ է այն մասին, որ մեր հավաքականը ֆավորիտների թվում է Եվրոպայի առաջիկա առաջնությունում:
-Մեր հավաքականը միշտ ֆավորիտների թվում է գտնվում և ոչ միայն Եվրոպայի առաջնությունում: Ունենք ըմբշամարտի հզոր պատմություն, որը ներկայիս մարզիկները շարունակում են:
-Հանդես եք գալիս ուժեղագույն մակարդակում, որտեղ երկու հզոր մրցակիցների պայքարում մեծ դեր ունի հոգեբանական պատրաստականությունը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ինչ աշխատանք են կատարում մարզիչները:
-Հոգեբանական պատրաստականությունն անմիջականորեն կապում եմ ֆիզիկական պատրաստականության հետ: Եթե զգում ես, որ լավ ես պատրաստվել մրցաշարին, հոգեբանորեն նույնպես պատրաստ ես լինում: Այո, սա կարևոր հարց է: Այս առումով ամեն ինչ նորմալ է:
-Հաջողություն ենք մաղթում Ձեզ: Հավատում ենք, որ հաղթանակած վերադառնալու եք հայրենիք:
-Շնորհակալություն: