Անցնող տարին հայկական սպորտի համար հագեցած կարելի է համարել: Շատ էին թե՛ ոգևորությունները և թե՛ հիասթափությունները: Օլիմպիական տարուց հետո Հայաստանն ունեցավ երկու աշխարհի չեմպիոն, ինչը կարելի է բարձր արդյունք համարել: Փարիզում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեցին Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Վերջինս տևական դադարից հետո վերադառնալով մեծ սպորտ, 30 տարեկանում նման տիտղոսի արժանացավ: Վստահաբար կարելի է ասել, որ 2017 թվականի հայտնությունը Մաքսիմ Մանուկյանն է: 2017 թվականը կրկին անգամ ապացուցեց, որ Հայաստանի համար արդյունքների տեսանկյունից թիվ մեկ մարզաձևը շարունակում է մնալ ըմբշամարտը:
2017 թվականը նշանակալի կարելի է համարել բռնցքամարտի համար: Տևական ընդմիջումից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն: Խոսքը Հովհաննես Բաչկովի մասին է, որը բրոնզե մեդալ նվաճեց նաև աշխարհի առաջնությունում: Բաչկովը, Ալեքսանայնն ու Մանուկյանը գալիք Օլիմպիական խաղերում մեր երկրի համար մեդալ նվաճելու իրական հավակնորդներ են: Մեդալներ և նվաճումներ եղան նաև ծանրամարտում, սակայն տարվա վերջում դոպինգի պատճառով Հայաստանի հավաքականի մեկ տարով որակազրկումը ստվեր գցեց գրանցված հաջողությունների վրա: Նշենք, որ մեր ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ: Այդուհաներձ մեր հավաքականը բաց թողեց 2017 թվականի գլխավոր իրադարձությունը՝ նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը: «Մենք այս տարի չկարողացանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե հանդես գայինք, կունենայինք առնվազն ևս 10 մեդալ, որից երեքը հարյուր տոկոսով՝ ոսկե: Նկատի ունեմ Սիմոն Մարտիրոսյանին: Անահայմում մինչև 105 կգ քաշային կարգում հաղթած ծանրորդը երկամարտում ցույց տվեց 404 կգ, մինչդեռ, Սիմոնը մոտ մեկուկես ամիս առաջ Ալբանիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճել է 433 կգ արդյունքով»,- հայտարարել էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Ինչևէ, 2017 թվականը հաջողված էր մարմնամարզության և հեծանվային սպորտի համար: Ունեցանք լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում, և հույսեր արթնացան, որ գալիք Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկներն ու հեծանվորները մասնակցությունից զատ կպայքարեն բարձր արդյունքների համար: 2017 թվական հայկական բասկետբոլի համար կարելի է շրջադարձային համարել: Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ տոնելով տպավորիչ հաղթանակներ: Տևական դադարից հետո վերսկսվեցին Հայաստանի առաջնությունները: 2017 թվականին Հայաստանի տարբեր տարիքային 6 հավաքականներ անցկացրել են պաշտոնական 34 հանդիպում, որոնցից 22-ում հաղթել են, իսկ մնացած 12-ում պարտություն կրել: Այդ խաղերից 8-ը անցկացրել է ազգային հավաքականը՝ 4 հաղթանակ և 4 պարտություն: Ազգային հավաքականն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում և ներկայումս 89-րդ հորիզոնականում է: Այս թվերը վկայում են առաջընթացի մասին և գոհացնող են:
Անդրադառնալով ձախողումներին, առաջին հերթին պետք է հիշատակենք ֆուտբոլը: Ամենահեղինակավոր ու մասսայական մարզաձևում ուղղակի տապալվեցինք: Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները ձախողվեցին ընտրական մրցաշարերում, իսկ տրանսֆերային պատուհանների ընթացքում մեր ֆուտբոլիստները էական տեղաշարժերի չենթարկվեցին: 2017 թվականի հայկական գլխավոր ձախողումը կարելի է համարել Հայաստանի ազգային հավաքականի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Լեհաստանի հավաքականից 6:1 հաշվով կրած պարտությունը: Մարզադաշտ եկած հայ երկրպագուներն ուղղակի իրենց նվաստ զգացին մի քանի հազար լեհ երկրպագուների կողքին: «Հանրապետական»-ի մղձավաջը ֆուտբոլասերը, կարծում ենք, դեռ երկար կհիշի: Անցնող տարվա հայկական ֆուտբոլի միակ լուսավոր կողմը թերևս Հենրիխ Մխիթարյանն է, որի ելույթները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում բազմիցս հպարտության պահեր հաղորդեցին երկրպագուներին: Մխիթարյանը հատկապես փայլեց Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի Ամստերդամի «Այաքսի» հետ մրցավեճում՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը: Մեծ հաղթանակը Մխիթարյանը տոնեց հայկական եռագույնը պարզած, ինչը կրկնակի լիցքեր հաղորդեց հասարակությանը: Գալիք տարում մեր մարզիկներից և մասնավորապես ֆուտբոլի հավաքականից, սպասելիքները մեծ են: Մեր ֆուտբոլի ազգային թիմը մասնակցելու է Ազգերի լիգայի խաղարկությանը և իրական հնարավորություններ ունի 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու: Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելու է նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականը: Հուսանք, որ 2018 թվականին կունենանք գոնե 3-4 աշխարհի չեմպիոն: