Հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը որը նախապատրաստվելու է հունիսի 4-ին Երևանում կայանալիք Սենտ Քիթս և Նևիսի հետ ընկերական և հունիսի 10-ին Մոնտենեգրոյի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը 10 օր առաջ հրապարակել էր արտասահմանյան թիմերում հանդես եկող 16 ֆուտբոլիստների անունները ովքեր հրավիրվել են առաջիկա հանդիպումներին: Պետրոսյանը երեկ հրապարակեց նաև Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող 7 ֆուտբոլիստների անունները, ովքեր ևս միանալու են ազգային թիմի ճամբարին: Նրանք են Արսեն Բեգլարյան, Արտակ Եդիգարյանը, Արտակ Գրիգորյան, Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտից», Գրիգոր Մելիքսեթյանը՝ «Գանձասար-Կապանից», Արմեն Մանուչարյան և Նարեկ Ասլանյան՝ «Փյունիկից»:
Փաստորեն Հայաստանի ազգային հավաքականի գյումրեցի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես է եկել Գյումրիի «Շիրակում» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրել այս թիմից, ինչը Հայաստանի երկրորդ քաղաքում դժգոհոթյան ալիք է բարձրացրել: Թե ինչով է պայմանավորված Պետրոսյանի նման որոշումը դժվար է ասել:
Նշենք, որ մարտի 26-ին կայացած Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը Պետրոսյանը «Շիրակից» հրավիրել էր միայն դարպասապահ Անատոլի Այվազովին: 2016 թվականի նոյեմբերին էլ Մոնտենեգրոյի հետ Երևանում կայացած խաղին մեր հավաքականի մարզիչը բացի Այվազովից «Շիրակից» հրավիրել էր նաև կիսապաշտպան Դավիթ Հակոբյանին: Ղազախստանի հետ հանդիպումից առաջ շատ էր խոսվում Այվազովի մեկնարկային կազմում լինելու մասին:
Մայիսի 24-ին Երևանում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը որտեղ «Շիրակը» 3:0 հաշվով ջախջախեց Երևանի «Փյունիկին» վերջինիս գերազանցելով խաղային բոլոր առումներով: Այս խաղում նշմարվեցին երեք ֆուտբոլիստներ, ովքեր երիտասարդ են՝ հեռանկարային և գտնվելով ազգային թիմի ճամբարում՝ կարող են բարելավել վարպետությունը: Նրանք են «Շիրակի» ներկայացուցիչներ՝ Այվազովը, Ռոբերտ Դարբինյանը և Վահան Բիչախչյանը ով հերթական տպավորիչ հանդիպումը անցկացրեց դառնալով նաև գոլի հեղինակ: Պետք է ընդունենք, որ այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կան մեկ երկու ֆուտբոլիստներ ովքեր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմում: Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը մեր հավաքականի մեկնարկային կազմում բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ընդամենը մեկ ֆուտբոլիստ կար՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը:
Հավանական է, որ Մոնտենեգրոյի դեմ պատասխան մրցավեճում Հայաստանի հավաքականի հիմնական կազմում բարձրագույն խմբի ներկայացուցիչներ ընդհանրապես չլինեն, քանզի Բեգլարյանի փոխարեն, ըստ ամենայնի, կխաղա Մախաչկալայի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Տեղացի երիտասարդ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու գլխավոր նպատակը թեկուզ կարճ ժամանակ նրանց բարձրակարգ ֆուտբոլիստների հետ մարզվելն ու այսպես ասած բարձրակարգ ֆուտբոլի շունչը զգալն է:
Գյումրիի «Շիրակը» տարիներ շարունակ ազգային հավաքականին տվել է բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստների՝ Արթուր Պետրոսյան, Ֆելիքս Խոջոյան, Կարեն Ալեքսանյան, Հարություն Վարդանյան: Վերջինը երկար տարիներ կրել է նաև ազգային հավաքականի ավագի թևկապը: Ցանկալի կլիներ որ ազգային հավաքականում «Շիրակն» ունենար նաև իր ներկայացուցիչը:
Նշենք որ Վահան Բիչախչյանն այսօր Հայաստանում հանդես եկող ամանատաղանդավոր ֆուտբոլիստն է: Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք բարձրակարգ թիմեր, այդ թվում՝ նաև Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն, ինչպես նաև իտալական «Ֆիորենտինան»: Բիչախչյանն արդեն իսկ փորձաշրջան է անցել այս թիմերում և բացառված չի որ ամռանը նա լքի Գյումրիի «Շիրակը»: Կարծում ենք որ Բիչախչյանը ներկա գտնվելով ազգային հավաքականի մարզումներին, մարզվելով Մխիթարյանի պես ֆուտբոլիստի հետ միայն ու միայն դրական լիցքեր կստանար: