Նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ կայանալիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին: Այդ մասին տեղեկացվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:
«Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս և Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն: Ամբողջ աշխարհում նմանատիպ մարաթոնները և կիսամարաթոնները մշտական սպորտային միջոցառումներ են և կուզեմ, որ երևանցիների, ամբողջ հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքն առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է: Մեծ ոգևորությամբ եմ ընդունել մասնակցելու հրավերն ու եղբորս՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային և միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆի հետ կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում: Բոլորին կոչ եմ անում միանալ մեզ»,- ասել է Ջորկաեֆը:
Հավելենք, որ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ: