Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ երեկ խփած գոլերն իր համար շատ կարևոր էին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սպարտակ»-ն Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի շրջանակներում երեկ վերջին ստուգողական խաղն է անցկացրել: Թիմը 3:1 հաշվով առավելության է հասել դանիական «Ակադեմիսկ»-ի նկատմամբ, իսկ Մովսիսյանը դուբլի հեղինակ է դարձել:
«Շատ կարևոր է գոլեր խփել առաջնության վերսկսվելուց առաջ: Թիմի համար նույնպես կարևոր էր հաղթել պաշտոնական խաղից առաջ:
Մարզման ժամանակ ամեն ինչ տեղի ունեցավ ըստ ծրագրի, որը սահմանել էր մարզչական շտաբը: Հիմա մենք պատրաստ ենք առաջնության խաղերին»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մարտի 8-ին «Սպարտակ»-ն ուժերն է չափելու «Կրասնոդար»-ի հետ: