Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պետական բարձրագույն պարգևների են արժանացել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: Այդ մասին հայտնում է president.am-ը:
Նախագահի նստավայրում կայացած պարգևատրման արարողությանը Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.
«Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ»: