ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած հայցով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մեջ չկա որևէ բան, որ փոփոխություն է առաջացնում Քոչարյանի հետ կապված գործում։ Այս մասին է իր ֆեյսբուքյան էջում գրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Ոնց հասկանում եմ, ՍԴ-ն պարզապես ասել է, որ, այո՛, գործառութային անձեռնմխելիություն կա (որևէ մեկը հակառակը չէր պնդում) և այն պետք է լինի նաև Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում:
Բայց ՍԴ-ն չի ասել, թե ի՞նչն է ընկնում գործառութային անձեռնմխելիության տակ, և ի՞նչ է գործառութային անձեռնմխելիությունը:
Ըստ այդմ, Քոչարյանի գործով առայժմ ոչինչ չի փոխում և իր կալանքի ու գործառութային անձեռնմխելիության համադրության մասով նախորդ տարի Վճռաբեկ դատարանի որդեգրած մոտեցումը ուժի մեջ է:
Բայց, ակամայից, շուտով (դատական տարբեր ատյաններում) կսկսեն քննարկումներն առ այն, թե որքանո՞վ է կաշառք ստանալը կամ սահմանադրական կարգ տապալելը կապված նախագահի գործառույթների հետ և, ըստ այդմ, որքանո՞վ է դրանց վրա տարածվում գործառութային անձեռնմխելիությունը:
Հ. Գ. Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի բողոքով Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օրենսգրքի մի դրույթ»,- գրել է նա։