Սեպտեմբերի 21-ին համացանցում հայտնի անձանց անձնական արխիվներից բաց լուսանկարների հայտնվելուց հետո 4Chan առցանց պորտալի անանուն օգտատերը հայտնել է, որ մասնակցել է լուսանկարների որոնմանն ու հրապարակմանը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տղամարդն աստղերի էջերը «կոտրելուն» իր անմիջական մասնակցության մասին գրել է ինտերնետ-ռեսուրսի ֆորումներից մեկում: Նա բողոքել է, որ իր աշխատանքի դիմաց հոնորարը սպասվածից քիչ է եղել՝ 120 դոլար: Միաժամանակ, նա նշել է, որ ինքը ցանցահեն չէ, այլ ընդամենը «լուսանկարներ հավաքող»:
«Ես այդ գումարը ստացել եմ Bitcoin-ի իմ հաշվին: Բայց եթե պատկերացնեք՝ որքան ժամանակ է ծախսվել լուսանկարները ձեռք բերելու վրա (ես ցանցահեն չեմ, պարզապես հավաքող)… Ես նույնիսկ մոտավորապես չստացա այնքան, որքան հույս ունեի»,- գրել է նա:
Սեպտեմբերի 21-ին ցանցահենները համացանցում հայտնիների անձնական լուսանկարների նոր խմբաքանակ էին հրապարակել: Կիբերհանցագործների գործողություններից տուժել են Քիմ Քարդաշյանը, Վանեսա Հաջենսը, Մերի-Քեյթ Օլսենը, Էմմա Սթոունը, Ավրիլ Լավինը և այլ հայտնիներ: Անկեղծ լուսանկարները հրապարակվել էին 4chan և Reddit կայքերում, բայց շուտով ջնջվել են, սակայն հասցրել են հայտնվել սոցցանցերում: