Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ երկուշաբթի ԱԷՄԳ-ի տնօրեն Յուկիա Ամանոն կայցելի Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ Ամանոն Իրան կայցելի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբբասիի հրավերով. «Իրանական այցի ժամանակ Ամանոն հանդիպումներ կունենա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայդի Ջալիլիի և Ֆերիդուն Աբբասիի հետ: Այցի նպատակը Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման վերաբերյալ համագործակցելն է»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ու փետրվարին ԱԷՄԳ-ի տեսուչները երկու անգամ այցելել են Իրան, իսկ օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցավ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլը: