Իտալիան երեկ հայտարարել է, որ հրաժարվում է 2020թ.-ի օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելուց, քանի որ տնտեսական ճգնաժամը թույլ չի տալիս դա անել: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարիո Մոնտին:
BBC-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ երկրի կառավարությունն ի վիճակի չէ երաշխավորելու մոտ 12,5 մլրդ եվրո պետական հատկացումները, որոնք անհրաժեշտ են մարզական այդ խոշոր միջոցառումն անցկացնելու համար: «Իտալիայի կառավարությունը շատ ժամանակ է ծախսել` քննարկելով այս հարցը: Եվ մենք հանգել ենք միաձայն որոշման, որ դա անպատասխանատու քայլ կլինի` հաշվի առնելով Իտալիայի ներկայիս ֆինանսական կացությունը»,- ասել է վարչապետը:
Այժմ 2020թ.-ի ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում են Ստամբուլը, Մադրիդը, Տոկիոն, Դոհան և Բաքուն:









































