Թուրքական NTV ալիքը բացահայտել է Ֆրանսիայի դեմ Թուրքիայի սահմանելիք հնարավոր պատժամիջոցների էությունը, եթե Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Դրանք կրում են թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական և թե՛ այլ բնույթ։
Դիվանագիտական ոլորտում ենթադրյալ պատժամիջոցների առաջին քայլը հանդիսանալու է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին հետ կանչելը։ Բացի այդ, Թուրքիան Ֆրանսիայից պահանջելու է Անկարայից հետ կանչել իր դեսպանին։ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը կճանաչվի Persona non grata (անցանկալի անձ)։
Երկրի դիվանագիտական ներկայացուցչի պարտականությունները ժամանակավորապես դրվելու են դեսպանատան գլխավոր քարտուղարի վրա։ Բացի այդ, Ֆրանսիայից հետ է կանչվելու Թուրքիայի ռազմական կցորդը, չեղյալ է հայտարարվելու Անկարայում Ֆրանսիայի ռազմական կցորդի գործունեությունը։
Բացի այս պատժամիջոցներից, նախատեսվում են նաև այլ պատժամիջոցներ.
– Թուրքիայում անցկացվող տենդերներին ֆրանսիական ընկերությունների մասնակցության սահմանափակում, թուրք-ֆրանսիական համատեղ ընկերություններին այդպիսի հնարավորությունից զրկելը,
– Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման դադարեցում,
– ֆրանսիական ռազմաօդային ուժերի համար Թուրքիայի օդային տարածքի ամբողջական փակում,
– ֆրանսիական ռազմանավերի համար թուրքական տարածքային ջրեր մուտք գործելու վրա արգելքի սահմանում,
– միջազգային կառույցների շրջանակներում Ֆրանսիայի քաղաքականությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցության դադարեցում,
– Իրանի, Սիրիայի և մերձավորարևելյան խնդիրների շուրջ Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հետ տեղեկատվության կիսումից հրաժարում,
– գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում Ֆրանսիայի հետ Թուրքիայի համագործակցությունից հրաժարում։