Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի պատասխան խաղում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։ Այս թիմերի միջև մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մրցավեճն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Գործնականում կարգով ավելի բարձր «Բուդյո Գլիմտը» առաջին խաղում վճռել է դիմակայության ելքը, բայց․․․։ «Փյունիկը» խաղալու է սեփական հարկի տակ հազարավոր երկրպագուների աջակցությամբ։ «Հաշվի առնելով «Փյունիկ»-«Բուդյո Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացած բարդությունները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ մուտքը այս խաղի համար բոլոր երկրպագուների համար դարձնել անվճար։ Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- երեկ նման հայտարարություն էր տարածել «Փյունիկը»։
Սա միանգամայն ճիշտ որոշում է, որը կարող էապես փոխել մարզադաշտի մթնոլորտը։ Սպասվում է, որ «Հանրապետականն» այսօր լեցուն կլինի։ «Մեր մրցակիցն ուժեղ է»։ Մենք լավ խաղացինք Նորվեգիայում, բայց գիտենք, որ դժվար է լինելու Երևանում, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները։ Դիմակայության երկրորդ կեսն առջևում է ու մենք խաղալու ենք ուժեղագույն կազմով։ Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց մենք կենտրոնացած ենք խաղի վրա։ Մեր նպատակն այստեղ լավ արդյունք գրանցելն ու հաջորդ փուլ դուրս անցնել է: «Փյունիկը» կազմակերպված ու ամուր թիմ է ու մենք խաղալու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Բուդյո Գլիմտի» գլխավոր մարզիչ Կետիլ Կնուտսենը։ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ իր թիմն ունի մշակված պլան և հույս հայտել որ այն արդյունավետ կլինի։ «Ուզում էի ներկա գտվեի «Բուդյո-Գլիմտի» մասնակցությամբ Նորվեգիայի առաջնության հանդիպմանը, բայց ցավոք չստացվեց։ Նախորդ փուլում ներկա եղա «Կալմարի» խաղին, այս անգամ չսատցվեց, դրա համար ունեցանք բարդություն իրենց ուժեղ կողմերը փակելու հարցում։ Ունենք պլան, տա Աստված, որ ամեն ինչ լավ ստացվի։ Գտել եմ հակախաղն ու հուսով եմ կկարողանանք դա կիրառել դաշտում ու հասնել հաջողության։ Հովհաննես Հարությունյանի վնասվածքը լուրջ է ու մոտ երկու շաբաթ բաց կթողնի։ Նորվեգիայում առաջին 15 րոպեում մենք նոկդաունի մեջ էինք, բաց թողած գոլ ու մեր ֆուտբոլիստի վնավսածքը։ Մեծ խնդիրներ ստեղծեցին իրենց ֆուտբոլիստների անհատական որակները։
Կար մեկ հանգամանք էլ, որ երկրպագուների մեծ բանակ ունեին, ու շատ էին ոգևորում իրենց ֆուտբոլիստներին։ Մեծ առավելություն ունեին, դրա համար այս արդյունքն ունեցանք։ Մենք պատասխան խաղին լուրջ ենք պատրաստվել։ Մենք լավ աշխատանք ենք տարել, որ դիմակայենք ու հասնենք հաջողություն, բայց կխնդրեմ, որ երկրպագուները լինեն մեզ հետ։ Ասեմ որ, ամոթ չէ, այս թիմին չանցնելը, քանի որ ուժեղ մրցակից է, բայց անցնելը հպարտություն է։ Այդ պատճառով ունենք շանս, ճիշտ է ոչ շատ, բայց պետք է պայքարենք դրա համար։ Պետք է կռիվ տանք։ Նորմալ է, որ առաջատարի հեռանալուց հետո խնդիրներ ունենք։ Բայց մենք ունենք լավ հարձակվողներ ու հուսով եմ, որ վաղը գոլ կխփեն ու կապացուցեն, որ իրենց էլ կարող են Յուրիչիչի նման գոլ խփել ու հարց լուծել։ Բոլորիս դուխը տեղն է ու սպասում ենք վաղվա խաղին։ Ես որպես գլխավոր մարզիչ, չեմ ամաչում պարտվելուց, քանի որ պրոֆեսիոնալ եմ։
Ես ամաչում եմ այն ժամանակ, երբ իմ տղաները չեն պայքարում ու կռիվ չեն տալիս դաշտում»,- ասել է Մելիքյանը։ Հիշեցնենք, որ «Փյունիկի» բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը տեղափոխվել է ռումինական «Կլուժ»։ Ինչևէ, «Փյունիկը» բազմիցս է ապացուցել, որ կարող է կռիվ տալ զորեղ մրցակիցների դեմ։ Եղիշե Մելիքյանը բազմիս է ապացուցել, որ տակտիկական առումով կարող է կոտրել ամուր մրցակիցների։ Հավատանք «Փյունիկի» գլխավոր մարզչին։ Լիահույս ենք, որ Մելիքյանի պլանը ինչպես նաև երևանյան շոգը կկոտրեն նորվեգական թիմի դիմադրությունը։




































