Ռուսաստանի իշխանությունները արդեն երկրորդ անգամ հրաժարվել են Պետերբուրգում և Կրոնշտադտում Գլխավոր ռազմա-ծովային զորահանդես անցկացնելուց։ Այդ մասին գրել է «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությունը՝ հղելով պետերբուրգյան «Ֆոնտանկա» -ին, որ իր հերթին վկայակոչել է ՌԴ պաշտպանության նախարարության «լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունը»։ Այդ պաշտոնական արարողությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սահմանվել է 2017 թվականին և անցկացվում էր հուլիսի 15-ին՝ ՌԴ Ռազմածովային ուժերի օրը։
Պաշտպանության նախարարությունից «Ֆոնտանկա»-ին ասել են․ «Ռուսաստանի նախագահը Գլխավոր ռազմա-ծովային զորահանդես անցկացնելու մասին հրամանագիր չի ստորագրել, նավատորմում նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, ինքներդ եք հասկանում, դրա ժամանակը» չէ։
Հունիսի լույս 15-ի գիշերը Կիևը և ուկրաինական մի քանի այլ քաղաքներ Ռուսաստանի կողմից հրթիռա-դրոնային լայնածավալ հարձակման են ենթարկվել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոստացել է արժանի պատասխան տալ։ Նախօրեին կայացել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը։ Արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և եվրոպական երկրների նկատմամբ «ազդեցություն գործադրելու պատրաստակամություն է հայտնել»։ Ըստ Ուշակովի, Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի «քաղաքացիական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումները Կիևի վարչախմբին ոչինչ չեն տա»։
Այս համատեքստում աչքի է զարնում, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը կամ գոնե արտաքին գործերի նախարարությունը դեռևս չեն անդրադարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև «պատերազմը դադարեցնելու մասին» ձեռք բերված համաձայնությանը։ Փոխարենը հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը։ Նրա գնահատմամբ, չնայած նախնական պայմանավորվածությանը, Մերձավոր Արևելքում խաղաղության «գործընթացը չափազանց փխրուն» է։
Նույն օրը ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ։ Բանակցություններից հետո նա Արևմուտքի պատկերացումները, թե «ուկրաինական պատերազմում Ռուսաստանը պարվում» է, գնահատել է «երևույթական»։ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ուիթկոֆը և Քուշները Մոսկվա այցի ընթացքում «կներկայացնեն Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ Վաշինգտոնի ծրագրերը»։
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իր հերթին լրագրողներին ասել է, որ պատրաստվում է «մոտակա օրերին հանդիպել» Ռուսաստանի նախագահ Պուտինին։ Հունիսի 13-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի տարածքում տեղաբաշխված միջուկային զենքը «ապահովում է ՀԱՊԿ արեւմտյան սահմանների անվտանգությունը»։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է «հյուսիսային ուղղությամբ երկրորդ ճակատ բացել»։ Կարելի՞ է ենթադրել, որ Լավրովը Մինսկի է գործուղվել, որպեսզի Լուկաշենկոյի հետ քննարկի Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հարցը, բայց «դիմադրության է հանդիպել», և Բելառուսի նախագահը պատրաստվում է «առարկությունները ներկայացնել» անձամբ Պուտինին։









































