
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ մեր երկրի գլխավոր թիմին պակասում է Հենրիխ Մխիթարյանի պես աստղային անհատականությունը։ «Իհարկե, Հայաստանի հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը։ Նման խաղացողի կարիք ունի ցանկացած թիմ և հատկապես մեր թիմը։ Մխիթարյանի պես աստղային անհատականության պարզապես հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ կարևոր էմեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին։ Ո՞վ կարող է ժամանակի ընթացքում իր վրա վերցնել առաջատարի բեռը: Այժմ մենք ունենք հիանալի նոր տղաներ: Մեծ հույսեր ենք կապում Էդիկ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հետ։ Առաջատարի գործառույթներն ավելի հաճախ կատարում են դաշտի կենտրոնի, հարձակման գծի խաղացողները, ավելի քիչ՝ եզրայինները։ Այդուհանդերձ, Տիկնիզյանն իրեն լավագույն կողմից դրսևորում է թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։ Չնայած իր դերին՝ նա նաև կարողանում է հաստատվել առաջատարի կարգավիճակում։ Մեր թիմում Սպերցյանն արդեն առաջին դերերում է։ Նա դեռ բավականին երիտասարդ է, բայց մենք հույս ունենք, որ Սպերցյանը կարող է ստանձնել այդ գործառույթը»,- «Չեմպիոնատ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկին։ Վերջինս դիտարկումներն նաև այն մասին են, որ Մխիթարյանին այլևս երբեք չենք տեսնի Հայաստանի ազգային հավաքականում։
Այս տարվա մարտին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի դեմ խաղից առաջ շատ էր խոսվում Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին։ Երկրպագուն հույս ուներ, որ կարևորագույն մրցավեճում Մխիթարյանի կլինի ազգային թիմում, բայց․․․։ «Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք, ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է։ Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի, ու մեր տղաները շատ պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- Proffootball-ին տված հարցազրույցում ասել էր Մխիթարյանը։ Վերհիշենք թե ինչպես հեռացավ Հայաստանի հավաքականի ավագը։Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը վերջին անգամ կրել է 2021 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։
Հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր տեղը զիջելով երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին։ Հեռանալով խաղադաշտից Մխիթարյանը ավագի թևկապը փոխանցել էր Վարազդատ Հարոյանին։ Սա կարելի է համարել խորհրդանշական դրվագ։ Ազգային թիմից հեռանալու որոշումը հնարավոր է Մխիթարյանը կայացրել է հենց այդ պահին, երբ ավագի թևկապը փոխանցել էր խաղընկերոջը։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև Գերմանիայի դեմ հանդիպումը։ 2020 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։ Բոլորս էինք խոսում մեր հավաքականի կտրուկ վերելքի մասին։ Հավատում էինք, որ կկարողանանք ձեռք բերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց․․․։ Մխիթարյանը ազգային թիմին միացավ սեպտեմբերին։ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել էր մեր գլխավոր թիմի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին, ինչպես նաև հավաքականում խփած 40 գոլի շեմը հաղթահարելու մասին։
Մխիթարյանի մասնակցությամբ 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հիմք ընդունելով գրանցված արդյունքը ոմանք շտապեցին պնդել, որ առանց Մխիթարյանի հավաքականը շատ ավելի լավ էր խաղում և որ Մխիթարյանի վերադարձը հավաքական բացասական ազդեցություն ունեցավ։ Ստեղծված մթնոլորտը չէր կարող չազդել Մխիթարյանի վրա։