
Վերջին օրերին շատ է խոսվում անկախ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ազգային թիմ վերադառնալու մասին։ Երկրպագուների ճնշող մեծամասնությունն այն համոզմունքին է, որ պետք է անել հնարավորինը լեգենդար ֆուտբոլիստին այսպես ասած ետ բերելու համար։ Նախօրեին Մխիթարյանի ազգային թիմ վերադառնալու հնավարության մասին խոսել էր ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։ «Կուզենա վերադառնալ՝ թող վերադառնա, չի ուզենա` դա իր որոշումն է։ Հենրիխն ինքն է իր որոշումներն ընդունում, ես իր որոշումների մեջ ոչ մի լումա չունեմ, ինքն արդեն մեծ, հասուն մարդ է, ինքը որոշում է։ Ինքը հրաժարական տվեց իր իսկ որոշմամբ, հիմա ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ էլ, հիմա էլ էլի ասում եմ՝ ինքն իր որոշումն ունի։ Իսկ կվերադառնա, թե չէ՝ չեմ կարող ասել։ Բայց կարծում եմ՝ դժվար», – «Հրապարակին» տված հարցազրույցում ասել էր տիկին Թաշչյանը։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս հույս ունի, որ Մխիթարյանը այնուամենայնիվ կվերադառնա Հայաստանի ազգային հավաքական։ «Ոչ մի անհամերաշխություն չկա ֆեդերացիայի ու Մխիթարյանի միջև: Նա ամիսներ շարունակ գալիս էր հավաքական, շփվում էինք։ Բայց ՀՖՖ-ն ամեն ինչի պատրաստ է, որ Մխիթարյանը վերադառնա»,- այս տարվա նոյեմբերին Vnews-ին տված հարցազրույցում ասել էր ՀՖՖ նախագահը:Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը 33-ամյա Մխիթարյանը հայտարարել էր մեր երկրի գլխավոր թիմից հեռանալու մասին։ Այս որոշումը տարաբնույթ մեկաբանությունների առարկա էր դարձել հասարակության շրջանում։ Ոմանք այն կարծիքին են, որ «Ինտերի» կիսապաշտպանը նման որոշում կայացրեց հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով։ «Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի»,- նշել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Եթե ավելի պարզ մեկնաբանենք Հովսեփյանի շեշտադրումները, կստացվի, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմը լքել է ոչ այնքան լավ վերաբերմունքի հետևանքով։ «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա»,- հայտարարել էր Մխիթարյանը: Վերլուծելով իրավիճակը թերևս մի քանի դիտարկում անենք։ Ավելի ստույգ վերհիշենք թե ինչպես հեռացավ Մխիթարյանը և փորձենք հասկանալ, որ դեպքում նա կբերադառնա ազգային թիմ։Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը վերջին անգամ կրել է անցյալ տարվա նոյեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։ Հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր տեղը զիջելով երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին։
Հեռանալով խաղադաշտից Մխիթարյանը ավագի թևկապը փոխանցել էր Վարազդատ Հարոյանին։ Սա կարելի է համարել խորհրդանշական դրվագ։ Ազգային թիմից հեռանալու որոշումը հնարավոր է Մխիթարյանը կայացրել է հենց այդ պահին երբ ավագի թևպակը փոխանցել էր խաղընկերոջը։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև Գերմանիայի դեմ հանդիպումը։ 2020 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։ Բոլորս էինք խոսում մեր հավաքականի կտրուկ վերելքի մասին։ Հավատում էինք, որ կկարողանանք ձեռք վերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի, բայց․․․։Մխիթարյանը ազգային թիմին միացավ սեպտեմբերին։ ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել էր մեր գլխավոր թիմի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին, ինչպես նաև հավաքականում խփած 40 գոլի շեմը հաղթահարելու մասին։ Մխիթարյանի մասնակցությամբ 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հիմք ընդունելով գրանցված արդյունքը ոմանք շտապեցին պնդել, որ առանց Մխիթարյանի հավաքականը շատ ավելի լավ էր, խաղում և որ Մխիթարյանի վերադարձը հավաքականը բացասական ազդեցություն ունեցավ։ Ստեղծված մթնոլորտը չէր կարող չազդել Մխիթարյանի վրա։
Ազգային թիմից հեռանալու որոշումից հետո առաջին տպավորությունը որ ստեղծվում է հետևյալ է․ Եթե առանց ինձ ավելի լավ էիք խաղում, ես այլևս չեմ խանգարի։ Առանց Մխիթարյանը Հայաստանի հավաքականը կրեց պատմության ամենախայտառակ պարտությունը 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային, ձախողվեց Ազգերի լիգայում։ Մի կողմ դնելով ներքին տարաձայնությունները եկել է ժամանակը միասնաբար ցույց տալու, որ Մխիթարյանն օդի և ջրի պես պետք է հավաքականին։ Հասարակական պահանջը Մխիթարյանին հավաքական վերադարձնլու թերևս միակ ճանապարհն է։ Առջևում Թուրքիայի հետ խիստ կարևոր հանդիպումն է։ Հանդիպում, որտեղ Մխիթարյանի դերը կարող է վճռորոշ լինել։