Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպումը նշանավորվեց քաղաքական ակցիայով, որը ոչ այլ ինչ էր քան ծանր հարված հայկական ֆուտբոլին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպման ընդիջմանը ստադիոնում հայտնվեցին քաղաքացիներ, որոնք «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով փորձում էին տրիբունաներում ներկա ֆուտբոլասերներին իրենց քաղաքական օրակարգը թելադրել։ Երիտասարդներից մեկն էլ Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ: Ակցիայի ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ինչ խոսք բողոքի ակցիա իրականացնելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց․․․։ Արդյո՞ք մարզադաշտը ամենահարմար վայրն է ներքաղաքական խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Արդյո՞ք «Հանրապետական» մարզադաշտը ամենահարմար վայրն է Արցախը փրկելու համար։
Մենք շարունակ մեղադրում ենք ադրբեջանցիներին սպորտը քաղաքականացնելու մեջ։ Այո, միջազգային խոշոր մրցաշարերում ադրբեջանական կողմը տարիներ շարունակ փորձել է աշխարհին ներկայացնել Հայաստանի հետ հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Միջազգային մրցաշարերում Արցախի հիմախնդրի վերաբերյալ ակցիաներ ենք իրականացրել նաև մենք։ Ամենաթարմ օրինակը․ Այս տարվա փետրվարին Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչում ֆրանսիական «Մարսելը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» նկատմամբ։ Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում ներկա են գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք յուրօրինակ ակցիա էին իրականացրել։ Մասնավորապես տրիբունաներում ծածանվել էին Հայաստանի և Արցախի դրոշները ինչպես նաև «Արցախը Հայաստան է» գրությամբ ցուցապաստառ։ Դեռևս 2018 թվականին տեղի ունեցած Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Մրցավեճի ժամանակ խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդը, որը ծածանել Արցախի դրոշը:
Նրա շապիկի վրա պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Արդեն 2019 թվականին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած տեղի Եվրոպա լիգայի խաղարկության խմբայինփ ուլի «Դյուդելանժի» և «Ղարաբաղի» խաղն անմիջապես մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ մարզադաշտի վերևում հայտնվել էր անօդաչու թռչող մի սարք՝ Ղարաբաղի դրոշով: Որն է, տարբերությունը Մարելում, Լոնդոնում, Լյուքեմբուրգում և «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ակցիաների միջև։ Տարբերությունը ավելի քան պարզ է։ Իրավապաշտպանը գիտակցելով, որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ քաղաքական ակցիաները արգելված են պախարակում է հայկական ֆուտբոլը, հայկական ֆուտբոլի հեղինակությունը։ Արդյոք հայկական ֆուտբոլը մեղավոր է, որ ռևանշիզմի մոլուցքով լցված մի ինչ-որ խմբավորման չի հաջողվում հասնել իրենց բաղձալի նպատակին։ Ստեղծված իրավիճակում տեղին ենք համարում հիշատակել հայտնի արտահայտությունը․ «до чего мы докатились»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը վերաբացվել է 2000 թվականին։ Վերաբացումից ի վեր այս մարզադաշտում ներքաղաքական որևէ ակցիա չէր իրականացվել։
Ցավով պետք է արձանագրենք որ ռևանշիզմով լցված անձանց հաջողվեց նաև իրենց մանիպուլյատիվ «խաղերում» ներքաշել ֆուտբոլը։ Նշենք, որ «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպմանը ներկա ֆուտբոլասերները միանգամայն բացասական արձագանք ցույց տվեցին ակցիային։ Բազմաթիվ ֆուտբոլասերներ ակցիայի մասնակիցներին հորդորում էին զերծ մնալ սպորտը քաղաքականացնելուց։ Հավելենք, որ այսպես կոչված փրկիչներին չհաջողվեց ընդհատել «Փյունիկ»-«Նորավանք» հանդիպումը։ Այն ավարտվեց 3։2 հաշվով հօգուն «Փյունիկի»։









































