Ռուսական Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդարի համանուն թիմի պաշտոնական կայքը 15 օրվա ընթացքում հարցում է անցկացրել կայքի այցելուների մեջ, թե ով կդառնա «Կրասնոդար»-ի հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը:
Նշենք, որ մինչ օրս նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները դարձել են 199 գոլի հեղինակ, և հաջորդ գոլը կլինի հոբելյանական:
Քվեարկությանը մասնակցել են կայքի 3200-ից ավելի այցելուներ, որոնց մեծամասնությունը` 61 տոկոսը (2000 այցելու), իրենց ձայնը տվել են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի օգտին: Երկրորդ տեղում բրազիլացի Ժոաոզինյոն է՝ ընդամենը 7 տոկոս:
Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-ի վերջին՝ թուրքական «Իստամբուլ»-ի հետ ստուգողական խաղին Յուրան չի մասնակցել (ԱՄՆ-ից նոր էր վերադարձել և ամբողջությամբ պատրաստ չէր), սակայն այժմ նա իրեն շատ լավ է զգում, և սպասվում է, որ հուլիսի 17-ին կայանալիք Ռուսաստանի գավաթի խաղարկության «Ֆակել»-ի հետ հանդիպմանը Մովսիսյանն առաջին րոպեներից կլինի խաղադաշտում:










































