Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում, վաղը Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Բորնմութին»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած 12-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 1:1 էր խաղացել «Վուլվերհեմփթոնի» հետ: Ունայ Էմերիի ֆուտբոլիստները հանդիպման 13-րդ րոպեից հետապնդողի դերում էին և միայն 86-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվն ու խուսափել պարտությունից: «Արսենալի» կազմում աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջին հանդիպումներում լոնդոնյան թիմը խնդիրներ ունի հատկապես առջևի գծում: Կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլի ոչ այնքան հաջող խաղի պայմաններում հարձակման օղակը որպես կանոն ուղղակի փլուզվում է:
«Վուլվերհեմփթոնի» հետ մրցավեճում սպասվածի համաձայն՝ Էմերին առջևի գծում օգտագործեց Իվոբի-Օզիլ-Լակազետ-Օբամեյանգ քառյակը, որը շատերի կարծիքով՝ ամենաօպտիմալն է այդ պահին: Նշված ֆուտբոլիստներից Լակազետն ու Օզիլը բաց էին թողել նոյեմբերի 8-ին տեղի ունեցած Եվրոպա լիգայի խաղարկության 4-րդ տուրի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ մրցավեճը: Էմերին նրանց հանգստանալու հնարավորություն էր տվել, որպեսզի այդ խաղում ավելի թարմ տեսք ունենան: Բացառությամբ Իվոբիի, որն աշխատասիրության շնորհիվ լարվածություն էր ստեղծում, մյուս երեք ֆուտբոլիստներն ըստ էության ոչինչ չարեցին: Օբամեյանգն ու Լակազետը չօգտագործեցին իրական գոլային պահերը, իսկ Օզիլն ընդհանրապես նկատելի չէր խաղադաշտում: «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Սանտույին հաջողվել էր գտնել հակախաղ Էմերիի խիստ կանխատեսելի մարտավարության դեմ: Մասնավորապես, Օզիլի դեմ ուժեղացված հսկողություն սահմանելով՝ Սանտուն թույլ չտվեց, որպեսզի մրցակիցը կարճ փոխանցումներով սուր գրոհներ ձեռնարկի: «Արսենալը» իրավիճակը փորձում էր շտկել հենակետային կիսապաշտպան Տորեյրայի միջոցով, բայց այս ֆուտբոլիստը չկարողացավ միաժամանակ արդյունավետ գործել խաղային երկու դիրքերում: Կրկին համոզվեցինք, որ Օբամեյանգն իրեն այնքան էլ լավ չի դրսևորում՝ խաղալով եզրում:
Օզիլի չեզոքացման արդյունքում Օբամեյանգ ու Լակազետը հանդիպման հիմնական մասը ըստ էության խաղից դուրս վիճակում էին: Էմերին փորձում է առավելագույն արդյունք ստանալ Օբամեյանգից և Լակազետից, բայց լուծումը դեռևս չի գտել, քանզի այս ֆուտբոլիստները առավել հաջող են գործում կենտրոնական հարձակվողի գոտում: Սպասվում է, որ վաղվա խաղում «Արսենալի» առջևի գծում կլինեն փոփոխություններ: Ըստ բրիտանացի վերլուծաբանների «Բորնմութի» դեմ Էմերիի հիմնական փոփոխությունը կլինի Մխիթարյանին հիմնական կազմ վերադարձնելը: «Արսենալը» կրկին կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Դարպասում կլինեն Լենոն, իսկ պաշտպանության կենտրոնում Սոկտարիսն ու Մուստաֆին: Աջ եզրում կգործի Բելերինը, իսկ ձախ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կխաղան Ջական և Տորեյրան: Ենթահարձակողի դիրքում կրկին կտեսնենք Օզիլին, իսկ ձախ եզրում՝ Օբամեյանգին: Կանխատեսումների համաձայն Մխիթարյանը կխաղա կիսապաշտպանության կենտրոնում, իսկ որպես նոմինալ հարձակվող հանդես կգա Լակազետը:

Հիշենք, որ ինչպես 11-րդ տուրի «Լիվերպուլի», այնպես էլ «Վուլերհեմփթոնի» հետ մրցավեճում Էմերին պարտությունից փրկվեց՝ սրություն հաղորդելով եզրերին: Առաջին դեպքում փոխարինման դուրս եկած Իվոբին նոր լիցք հաղորդեց «Արսենալին», իսկ երեկվա մրցավեճում՝ Մխիթարյանը:
Նկատենք, որ երկու դեպքերում էլ «Արսենալը» հավասարեցրեց հաշիվը ձախ եզրում կատարված գործողությունների շնորհիվ: «Սպորտինգի» դեմ Մխիթարյանը առանց փոխարինման մասնակցել էր ամբողջ խաղին՝ ճանաչվելով մրցավեճի լավագույն խաղացող: Վաղվա խաղում Էմերին ըստ ամենայնի հենց հանդիպման սկզբից շեշտը կդնի եզրերի վրա ապավինելով Մխիթարյանին և Օբամեյանգին: Այս պահին լոնդոնյան ակումբը 24 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Առաջին հորիզոնականում «Մանչեսթեր Սիթին» է 32 միավորով: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլն» ունի 30, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Չելսին»՝ 28 միավոր: 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմն» «Արսենալին» գերազանցում է 3 միավորով:









































