1/8 եզրափակչի բոլոր հանդիպումներն ավարտված են. դրանք անցան լարված պայքարում: Ութ խաղերից երեքում հաղթողները որոշվեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Այս փուլի գլխավոր անակնկալը դարձավ Իսպանիայի հավաքականի պարտությունը, որը դուրս էր նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումների դաշտից:
Ներկայացնում ենք քառորդ եզրափակչի զույգերն` ըստ ժամանակացույցի:
06.07.2018
Ուրուգվայ-Ֆրանսիա
Ուրուգվայի հավաքականն ընթացիկ առաջնության երկու հավաքականներից մեկն է, որ հաղթանակ է տարել անցկացված բոլոր չորս հանդիպումներում: Ընդ որում, լատինաամերիկյան այս հավաքականը 1/8 եզրափակիչում մրցապայքարից դուրս է թողել Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն, որի կազմում հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուն: Ուրուգվայի հավաքականը ունի հուսալի պաշտպանություն. չորս խաղում սեփական դարպասն ընդունել է ընդամենը մեկ գնդակ:
Ֆրանսիայի հավաքականը, որը համարվում է այս առաջնության ֆավորիտներից մեկը, անցկացված չորս խաղերից հաղթել է երեքում: Հատկապես տպավորիչ ստացվեց 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը, որում եվրոպացիները Մեսսիի թիմին հաղթեցին դրամատիկ գոլառատ խաղում` 4:3:
Շատ դժվար է կանխատեսումներ անել, թե որ հավաքականն է Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպման ֆավորիտը:
Բրազիլիա-Բելգիա
Ուշագրավ է, որ Բրազիլիայի հավաքականը ընթացիկ առաջնության երեք խաղերում հաղթանակ է տարել միևնույն 2:0 հաշվով: Ֆուտբոլային մասնագետները քառորդ եզրափակիչի հանդիպման ֆավորիտ նույնպես համարում են Բրազիլիայի հավաքականին:
Սակայն` հանուն արդարության, նկատենք, որ Բրազիլիային բաժին է հասել ահեղ մրցակից: Բելգիայի ընտրանին համարվում է այս առաջնության թաքնված ֆավորիտներից մեկը, բոլոր չորս խաղերում հաղթանակներ է տարել, աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ` 12 գնդակ, չորս խաղում: Բելգիացիներին բնորոշ են նաև կամային բարձր հատկանիշները. 1/8 եզրափակիչ խաղում նրանք ճապոնացիների նկատմամբ հաղթանակ տարան, երբ երկրորդ խաղակեսի սկզբնամասում պարտվում էին 0:2 հաշվով:
07.07.2018
Ռուսաստան-Խորվաթիա
Ռուսաստանի հավաքականն այս առաջնությունում տպավորիչ խաղ ցույց չի տվել, սակայն քառորդ եզրափակիչում է, ընդ որում` մրցապայքարից դուրս թողնելով Իսպանիայի հավաքականին: Ռուսաստանի հավաքականի հայտնվելն անգամ 1/8 եզրափակիչում համարվում էր մեծ անակնկալ, սակայն փլեյ-օֆֆում տանտերերին հաջողվեց խաղը հասցնել մինչև հետխաղյա 11 մետրանոցները, որտեղ բախտն ակնհայտորեն երես էր թեքել Իսպանիայի ընտրանուց:
Ռուսաստանի մրցակիցը` Խորվաթիայի հավաքականն անհամեմատ ուժեղ թիմ է: Խորվաթները վստահ հաղթանակ են տարել խմբային բոլոր խաղերում, այդ թվում` խոշոր հաշվով Արգենտինայի ընտրանու հանդեպ: 1/8 եզրափակչի խաղում խորվաթները համարվում էին անվիճելի առաջատար, սակայն Դանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ կարողացան տանել միայն հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ:
Շվեդիա-Անգլիա
Շվեդիայի հավաքականը վերելքով է անցկացնում առաջնությունը` հուսալի խաղ ցուցադրելով հատկապես պաշտպանությունում: Այսօր 1/8 եզրափակիչում շվեդները հաղթել են Շվեյցարիայի հավաքականին. 66-րդ րոպեին հաղթական միակ գնդակը խփել է կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց րոպեներ առաջ` հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով Կոլումբիայի ընտրանուն: Հանուն արդարության նկատենք, որ Անգլիայի հավաքականը հաշվի մեջ առաջ էր նախ խաղի հիմնական ժամանակում և կոլումբացիները հաշիվը կարողացան հավասարեցնել միայն ավելացված երրորդ րոպեին:










































