Կանադայի Օնտարիո նահանգում գտնվող «Քիդ Քրիք» (Kidd Creek) հանքավայրի 3 կմ խորությունից գիտնականները հայտնաբերել են ջուր, որը մեկուսացված է եղել շուրջ 2 միլիարդ տարի։ Տորոնտոյի համալսարանի երկրաբան Բարբարա Շերվուդ Լոլլարի գլխավորությամբ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ այս ջուրը գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ Երկրի վրա կյանքը սահմանափակված էր միայն պարզագույն միկրոօրգանիզմներով։
Գիտնականը, որը դաշտային հետազոտությունների ընթացքում անձամբ փորձել է ջրի համը, նշում է, որ այն ծովի ջրից մոտ տասն անգամ ավելի աղի է, ունի թանձր խտություն, դառնավուն համ և ծծմբային հոտ։ Օդի հետ շփվելիս ջուրը ձեռք է բերում նարնջագույն երանգ՝ լուծված երկաթի օքսիդացման պատճառով։
Հետազոտողների համար առավել կարևոր է ոչ թե հեղուկի տարիքը, այլ դրա քիմիական բաղադրությունը։ Այն պարունակում է նյութեր, որոնք վկայում են արևի լույսից զուրկ, ընդհատակյա կենսաբանական գործընթացների մասին։
Ի դեպ, հանքի այդ հատվածում գիտնականները հայտնաբերել են նաև միկրոօրգանիզմներ, որոնք գոյատևում են ջրի և լեռնային ապարների քիմիական փոխազդեցության շնորհիվ։ Այս բացահայտումը նոր պատուհան է բացում Երկրի ընդերքում կյանքի զարգացման և պահպանման մեխանիզմների ուսումնասիրության համար։









































