Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքների դեմ բողոքի, հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ IRIB-ի՝ պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցային գործընթացը չի շարունակվի, քանի դեռ Լիբանանում ռազմական գործողությունները չեն դադարեցվել։ Իրավիճակը զարգանում է կողմերի միջև փոխադարձ հայտարարությունների և քաղաքական լարվածության աճի ֆոնին։
Նախօրեին Իրանի պատվիրակությունը բողոք էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ուղղված են Թեհրանի դեմ։ «Թասնիմ»-ի փոխանցմամբ՝ Իրանը արդեն փոխանցել է իր բողոքն ամերիկյան կողմին և քննարկում է «համապատասխան պատասխան տալու» տարբերակները։
Իրանական բանակցողները հղում են անում փոխըմբռնման հուշագրի առաջին կետին, ըստ որի՝ ցանկացած սպառնալիք համարվում է պայմանավորվածությունների կոպիտ խախտում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնը կարող է կոշտ գործողություններ ձեռնարկել, եթե Իրանը չվերահսկի իր դիրքորոշումները և չդադարեցնի Լիբանանում գործող իր պրոքսի խմբավորումների գործունեությունը։ Նա նաև նշել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և «խիստ պատժել Իրանին», եթե Թեհրանը չհետևի բանակցային գործընթացի կանոններին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը չի արձագանքում ամերիկյան սպառնալիքներին։
«Մենք ուշադրություն չենք դարձնում ամերիկյան սպառնալիքներին։ Նրանց ավելի լավ է զգույշ լինել իրենց հայտարարություններում․ մեր զինված ուժերը պատրաստ են նրանց այլ կերպ պատասխանել։ Ինչ էլ որ նրանք ասեն, մենք ենք գործում»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը գրել է, որ Իրանի պատվիրակությունը չի հեռացել, և ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են։










































