«Recording Academy» ակադեմիան փոփոխություններ է կատարել 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության կանոնակարգում՝ ավելացնելով հինգ նոր անվանակարգ և վերանայելով որոշ մրցանակների չափանիշները։ Ակադեմիան հայտարարել է «Լավագույն ասիական փոփ երաժշտական կատարում» նոր անվանակարգի ստեղծման մասին, որը կներառի K-pop, J-pop, C-pop և ասիական փոփ այլ ուղղությունների ստեղծագործություններ։ Մրցանակը կտրվի կատարողին։
Ստեղծվել է նաև «Լավագույն ավանդական փոփ վոկալ կատարում» անվանակարգը, որը նախատեսված է այն արտիստների համար, որոնց երաժշտությունը չի կարելի դասել ժամանակակից փոփ երաժշտության ձևաչափին։ Նոր՝ «Լավագույն լատինական երգ» անվանակարգով կպարգևատրվեն հեղինակները՝ հիմնականում իսպաներենով ձայնագրված լատինական երգերի համար։ Բացի այդ, փոփոխվել են «Լավագույն նոր արտիստ» մրցանակի կանոնները։ Այժմ երաժիշտները կարող են այդ անվանակարգում առաջադրվել մինչև չորս անգամ՝ նախկին երեքի փոխարեն։ Ըստ ակադեմիայի՝ այս փոփոխությունը պայմանավորված է ժամանակակից երաժշտական շուկայի առանձնահատկություններով, որտեղ արտիստների լայն ճանաչումը հաճախ ավելի երկար ժամանակ է պահանջում։











































