Հունիսի 20-ին Ուզբեկստանում գործարկվել է Volkswagen AG Uzbekistan հոսքագիծը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի և Գերմանիայի նախագահներ Միրզիյոևի և Շտայնմայերի ներկայությամբ։ Գերմանիան վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է Ուզբեկստանում դիրքերը։
Ուզբեկստանի հետ Գերմանիայի տարեկան ապրանքաշրջանառությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի։ Ուզբեկստանի տնտեսության տարբեր ճյուղերում գերմանական ներդրումները վերջին երկու տարում անցել են 2 միլիարդ դոլարի սահմանը։
Turan Union-ի տեղեկություններով, սակայն Գերմանիայի նախագահ Շտայնմայերի Տաշքենդ այցը նշանավորվել է միգրացիայի և տեղաշարժի մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը գերմանական կողմին հնարավորություն կտա օգտագործել ուզբեկ մասնագետների ներուժը։ Ըստ նույն աղբյուրի, այսօր 400 հազար ուզբեկստանցի գերմաներեն է սովորում, իսկ ավելի քան երկու հազարը սովորում է գերմանական բուհերում։ Կողմերը մտադիր են Սամարղանդում գերմանա-ուզբեկական՝ Կիրառական գիտելիքների համալսարան հիմնադրել։
Գերմանիայի նախագահի Ուզբեկստան այցը, անկասկած, խորհրդանշական է։ Շտայնմայերը փորձառու դիվանագետ է, տևական ժամանակ գլխավորել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Բեռլինը, այդպիսով, դեպի Կենտրոնական Ասիա «պատուհան» է բացում։ Անցյալ տարի Ղազախստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Ուշագրավ է հատկապես Գերմանիա-Ուզբեկստան միգրացիայի և տեղաշարժի մասին համաձայնագրի ստորագրման փաստը։ Կենտրոնական Ասիայի երկրների համար ավելի քան երեք տասնամյակ արտագնա աշխատանքի մեկ ուղղություն է գործել՝ Ռուսաստանը։ Այսօր Գերմանիան պատրաստ է ընդունել ուզբեկստանցի ոչ միայն «սևագործ բանվորների», այլև տեխնոկրատ մասնագետների, անգամ բժիշկների։
Պաշտոնական Բեռլինի այդ քաղաքականությունը, անշուշտ, նպաստելու է Ուզբեկստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման «արևմտականացմանը», իսկ գերմանական ներդրումները ձևավորելու են առևտրատնտեսական նոր որակի հարաբերություններ։ Ուզբեկստանում «նարնջագույն հեղափոխություն» կամ «մայդան» տեղի չի ունեցել, և Շավքաթ Միրզիյոևը ամենևին էլ «սորոսական» չէ։ Պարզապես Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը։








































