2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկը» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին:
Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում և Հայաստանի չեմպիոնը համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Լոպեսի գլխավորությամբ սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին: Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահաջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանի դուրը չեկավ և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց: Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսամնը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը:
Նշված մասնագետներից թերևս Պերտերֆլիդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու: Մասնավորապես, Պորտրեֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կարդրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու: Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Հեռացավ պատվով: Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին:
Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին: 2016 թվականի եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն տապալվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում չտոնելով ոչ մի հաղթանակ: 3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին, գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ կարծում ենք բոլորն են հիշում: Օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Պետրոսյանը: Ի՞նչ սկզբունքով է Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր ասենք Հենկ Վիսմանին, Բեռնար Շալանդին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում, որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստանը գալը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Այստեղ պարզ է դառնում, որ հավաքականի արտասահմանցի մարզիչներին Հայրապետյանը ընտրել է բացառապես «էժան լինելու» համար: Դե բանական է, որ արտասահմանցի «էժան» մասնագետներն առանձնապես չեն տարբերվում հայաստանցի մասնագետներից: Ի՞նչ էր Հայրապետյանը մտածում, երբ հավաքականը վստահում էր Սարգիս Հովսեփյանին, կամ Արթուր Պետրոսյանին որոնք մարզչական կենսագրություն ըստ էության չունեին:
Հայրապետյանի «պրինցիպը» կարծում ենք պարզ է՝ միայն թե մարզիչը լինի «էժան»: Վերջերս Հայրապետյանն ասաց, որ ՀՖՖ-ն ֆինանսական խնդիրներ չունի և մի քանի միլիոն դոլար է ծախսվելու նոր խաղադաշտեր կառուցելու համար: Կարծում ենք ֆուտբոլասերները դեմ չէր լինի, եթե այդ դաշտերը և «ակադեմիաները» որոնք արդյունք չեն տալիս քիչ լինեին, սակայն ունենայինք նորմալ մարզիչ: Կարելի էր տարեկան 700 հազար ԱՄՆ դոլար վճարել ասենք իտալացի Ջիանի դի Բիազիին և ունենալ հավաքական, ոչ թե «քուչի թիմ»: Արդյունքի հասնելու համար արնհրաժեշտ ներդրումներ, ժողովրդի լեզվով ասած թանկից էժանը չկա: Նշենք, որ Հայաստանը գլխավորելու պահին Պորտերֆիլդը 60 տարեկան էր և նրա համար աշխատավարձի չափն առաջնային չէր:
Այսօր Հայաստանի հավաքականը խորը ճնգաժամ է ապրում, իսկ առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է: Թվում էր, թե Հայրապետյանը կարևորագույն այս պահին ի վերջո լուրջ ներդրումներ կանի, բայց․․․: Ցավոք սրտի այդ բայցերը շատ են և քանի դեռ Հայրապետյանը ՀՖՖ-ի նախագահի ղեկին է ուղղակի անհնար է, որ մենք մեր հավաքականը տեսնենք Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:
Տևական և հետևողական աշխատանքի արդյունքում ոչ միայն Հայաստանի հավաքականն, այլև հայկական ֆուտբոլն ուղղակի քայքայված է: Իսկ վերակենդանացնելու համար ոչ միայն արմատական փոփոխություներ են հարկավոր, այլև ժամանակ:








































