Լևոն Պաչաջյանը, ով նախորդ անգամ տեղ չէր գտել Հայաստանի հավաքականի 18 լավագույնների կազմում, նույնպես լավ արդյունք է ակնկալում «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Ռուսաստան- Հայաստան հանդիպումից: Հայաստանի հավաքականի աջ կիսապաշտպանն այս մասին ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Պատրաստվում ենք, որպեսզի գնանք՝ լավ արդյունքի հասնենք: Մեր դիմաց մարզիչներն ու երկրպագուները լավ արդյունքի հասնելու առաջադրանք են դրել: Գնում ենք պայքարելու, միավորներ վաստակելու: Ինձ թվում է՝ դրսում Ռուսաստանի հետ ոչ-ոքի խաղալը վատ արդյունք չի, բայց կձգտենք մաքսիմալին:
Միշտ լավատես եմ: Կարծում եմ՝ ցանկացած հավաքականի հետ էլ կարող ենք խաղալ, հաղթել, միավորներ վաստակել: Անկախ նրանից, Ռուսաստանն է, թե ուրիշ հավաքական է, մեր այսօրվա ներուժը ցույց է տալիս, որ այս հավաքականը կարող է պայքարել ցանկացած հավաքականի հետ»,- ասաց Լևոն Պաչաջյանը:







































