Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծում է, որ իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Տոտենհեմ» կամ «Լիվերպուլ» տեղափոխությունը մեծ սխալ կլինի:
«Բնականաբար, դա նրա որոշումն ու ցանկությունն է: Ամեն դեպքում, Հենրիխը դեռս մտածելու ժամանակ ունի: Կարծում եմ՝ «Լիվերպուլ» կամ «Տոտենհեմ» տեղափոխությունը մեծ սխալ կլինի: Կհասկանայի Մխիթարյանին, եթե ցանկանար տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», կամ էլ «Շախտյոր»-ից հզոր այլ ակումբ:
«Շախտյոր»-ն ուժեղ թիմ է, որի հանդիպումներին ամեն շաբաթ 50.000 հանդիսական է ներկա լինում: Ամեն տարի մենք պայքարում ենք չեմպիոնության համար և հանդես ենք գալիս ՉԼ գավաթի խաղարկությունում: Հենրիխը սխալվում է, եթե մտածում է, որ ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմ է տեղափոխվում»,- մասնագետին մեջբերում է The Daily Mirror-ը:
Հիշեցնենք, որ բացի «Տոտենհեմ»-ից և «Լիվերպուլ»-ից Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն: Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Շախտյոր»-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 29 գոլի հեղինակ:










































