Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ այցելել է Մանկական զբոսայգի: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին ու բարի ավանդույթներին, ամեն տարի երեխաներին շնորհավորում է առանձնահատուկ ջեմությամբ ու հոգատարությամբ: Մայրաքաղաքի մանկական զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացել է, երբ փոքրիկներին շնորհավորելու է եկել խորհրդարանի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանն իր ներդրումն է ունեցել նաև news.am լրատվական կայքի կազմակերպած «Գնիր պաղպաղակ և օգնիր երեխաներին» ակցիային: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետերը և երեխաների սիրելի պաղպաղակները վաճառում էին քաղաքական գործիչներ եւ շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Խորհրդարանի ղեկավարը մեկ առ մեկ մոտեցել է տաղավարներին ու գնել պաղպաղակ: Փոքրիկների ուրախությունը կրկնապատկվել էր, քանի որ նրանց համար պաղպաղակ էր գնում ԱԺ նախագահը:
Այս օրը, անշուշտ, երկար կմնա երեխաների հիշողություններում ու անկասկած օրենսդրի ղեկավարի պարգեւած ջերմությունը կլինի նրանց ողջ օրվա ուղեկիցը: Իսկ հավաքված գումարը կհատկացվի անապահով ընտանիքների երեխաներին: