«Այաքս»-ի և Դանիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի 21-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը հայտնել է, որ դեմ չէր լինի տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Ֆուտբոլիստի խոսքերով՝ որևէ պաշտոնական առաջարկ դեռևս չի եղել, սակայն իր գործակալը համապատասխան աշխատանքներ է տանում:
««Բորուսիա»-ն մարզական կարիերան շարունակելու լավ տարբերակ է: Դեռևս որևէ հստակ առաջարկ չեմ ստացել իմ գործակալից: Գիտեմ, որ նա աշխատում է այդ ուղղությամբ: Եթե չկարողանանք համաձայնության գալ, ես կշարունակեմ խաղալ «Այաքս»-ում»,- Էրիքսենին մեջբերում է goal.com-ը:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ խաղացողը Հոլանդիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 17 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հավելենք, որ «Բորուսիա»-ի կազմում Էրիքսենը կարող է փոխարինել Մարիո Գյոթցեին:









































