Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտարարել է, որ որոշել է Քրիշտիանու Ռոնալդուին, Տիագո Մենդեշին և Ռիկարդո Կարվալյոյին թույլ տալ մեկնել իրենց ակումբներ ազգային թիմի՝ «Եվրո-2016»-ի ուղեգիրը վաղաժամկետ նվաճելուց հետո: Նշված ֆուտբոլիստները բաց կթողնեն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ Սերբիայի հավաքականի դեմ հանդիպումը, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին:
«Նախապես որոշել էի, որ Դանիայի հավաքականին հաղթելու դեպքում որոշակի փոփոխություններ կկատարեմ թիմի կազմում հաջորդ՝ Սերբիայի ընտրանու դեմ խաղում: Բոլորս հիանալի հասկանում ենք, թե որքան դժվար է ֆուտբոլիստների համար խաղալ նման լարված ժամանակացույցով:
Ցանկանում եմ գործի մեջ տեսնել սաներիս, ովքեր դեռ այնքան էլ փորձառու չեն ազգային թիմի կազմում հանդես գալու հարցում: Այդ իսկ պատճառով Սերբիա կմեկնենք առանց Ռոնալդուի, Տիագոյի և Կարվալյոյի»,- ABola-ն մեջբերում է Սանտուշի խոսքերը:








































