Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիա»-ն պատասխան խաղն անցկացրեց կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:
Առաջին խաղում 3:0 հաշվով պարտվելուց հետո գերմանական ակումբն արդեն 7-րդ րոպեին բացեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Մեհդի Բենատիան: Բայցևայնպես, հյուրերը շատ արագ սպանեցին ինտրիգը: Լուիս Սուարեսի գերազանց փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: 29-րդ րոպեին հաշիվը դարձավ 1:2: Կրկին արդյունավետ գործեց Սուարես-Նեյմար դուետը: Ուրուգվայցու ակտիվում գրանցվեց երկրորդ գոլային փոխանցումը, բրազիլացու ակտիվում` երկրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը կտրուկ ընկավ: Հյուրերն ակնհայտորեն սպասում էին հանդիպման ավարտին: Լուիս Էնրիկեն նույնիսկ փոխարինել էր Սուարեսին` հանգստանալու հնարավորություն տալով նրան:59-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ Տոմաս Մյուլլերը 74-րդ րոպեին խփեց իր թիմի երրորդ գնդակը:
3:2 հաշիվը մնաց անփոփոխ: Այսպիսով` դիմակայության արդյունքում առավելության հասնելով 3:5 հաշվով` «Բարսելոնա»-ն դուրս եկավ եզրափակիչ:
«Բավարիա» – «Բարսելոնա»` 3:2
1:0 Բենատիա (7′), 1:1, 1:2 Նեյմար (15′, 29′), 2:2 Լևանդովսկի (59′), 3:2 Մյուլլեր (74′)





































