Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: «Արքայական ակումբ»-ի դարպասապահը նշել է, որ թիմերն առաջին հերթին դրույք կկատարեն արդյունքի, ոչ թե խաղի դիտարժանության վրա:
««Ռեալ»-ի և «Յուվենտուս»-ի միջև խաղերը միշտ հետաքրքիր են անցնում: Այդ երկու թիմերում ընդգրկված են հզոր ֆուտբոլիստներ, ովքեր իրենց խաղաոճն ունեն: Մեզ համար հեշտ չի լինի, բայց կփորձենք լավ արդյունքի հասնել առաջին խաղում: Սա կիսաեզրափակիչ է, և բոլորն առաջին հերթին մտածում են արդյունքի մասին: Կարծում եմ` քիչ գոլեր կլինեն և մեծ լարվածություն»,- AS-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը:
«Ռեալ»-ի և «Յուվենտուս»-ի դիմակայությունները կկայանան մայիսի 5-ին և 13-ին: Առաջին հանդիպումը կանցկացվի թուրինյան ակումբի հարկի տակ:









































