Չեմպիոնների Լիգայի գավաթի 2012/13թթ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի մեկնակային օրը «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ «Մեստալիա» մարզադաշտում ընդունելու է ՊՍԺ-ին, որը վստահաբար գլխավորում է Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վալենսիա»-ն Լա Լիգայում առայժմ 5-րդն է:
«Վալենսիա»-ն ֆրանսիական թիմերի դեմ սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում նույնքան հաղթանակ է տոնել: Մրցակիցների միակ հանդիպումը տեղի է ունեցել ընկերական մրցաշարի շրջանակներում, և ՊՍԺ-ն 3:0 հաշվով առավելության է հասել «Վալենսիա»-ի նկատմամբ՝ 2007թ. հուլիսի 29-ին: ՉԼ-ում «Վալենսիա»-ն սեփական հարկի տակ վերջին անգամ պարտվել է 2010թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ քառորդ եզրափակիչ վերջին անգամ դուրս է եկել 2006/07թթ մրցաշրջանում: «Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն ՉԼ վերջին 14 խաղերում նույնքան գոլ է խփել: Փարիզյան ակումբը խմբային փուլում սեփական հարկի տակ կայացած բոլոր 3 խաղերում հաղթանակ է տարել: ՊՍԺ-ն իսպանական թիմերի դեմ 16 հանդիպում է անցկացրել՝ տոնելով 8 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի և կրելով 5 պարտություն:
Դաշտի տերերի կազմում բացակայում պաշտպան Անտոնիո Բարչագանը, ով որակազրկված է: Իսկ ահա Ռոբերտո Սոլդադոն վերադարձել է թիմի կազմ, ով նույնպես որակազրկված էր: Ալի Սիսոկոն ու Ժերեմի Մատյոն վնասվածք ունեն: ՊՍԺ-ն լուրջ կորուստ ունի՝ ի դեմս Տիագո Սիլվայի: Բրազիլացի պաշտպանն ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 3 շաբաթով: Խաղը բաց կթողնի նաև կիսապաշտպան Տիագո Մոտտան: Խաղին չի մասնակցի նաև Դևիդ Բեքհեմը:
Էրնեստո Վալվերդե. «ՊՍԺ-ն խմբում առաջին տեղը զբաղեցրեց, իսկ Լուկաս Մոուրայի տեղափոխության դիմաց շուրջ 40 մլն եվրո ծախսեց: Նրանք ֆավորիտն են: Փարիզյան ակումբը շատ հզոր հարձակման գիծ ունի: Նրանք արագ են և տեխնիկապես լավ պատրաստված»:
Կարլո Անչելոտի. «Չեմ կարծում, որ մենք Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների թվում ենք: «Վալենսիա»-ն շատ կազմակերպված թիմ է, որ լավ մարզավիճակում է գտնվում: Կարծում եմ՝ խաղը կոպիտ չի լինի: Մենք ավելի շատ տակտիկական պայքարի ականատես կլինենք: Վստահ եմ, որ կարող ենք գերազանց հանդիպում անցկացնել»:
Խաղը կավարի իտալացի մրցավար Պաոլո Տալյավենտոն:







































