Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանն 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ 2012թ. իր ամենամեծ կորուստը եղել է Օլիմպիական խաղերը: Մարզիկը նշեց, որ Ամանորը դիմավորելու է Հայաստանում, ընտանիքի անդամների հետ:
«2012թ. իմ ամենամեծ կորուստը եղել է Օլիմպիական խաղերը, քանի որ դա իմ կյանքի նպատակներից մեկն էր: Ես մարզվել էի շատ լուրջ: Ես հեռու չէի մեդալից: Այդ էջն արդեն փակել եմ և սկսել եմ նորը:
Ծանրորդները պատրաստ էին Օլիմպիական խաղերին: Այստեղ գործեց սպորտային անհաջողությունը, մարզական բախտ կոչվածը: Իմ առաջին պարտությունն է եղել Օլիմպիական խաղերը, որից առաջ ես բերել եմ 18-20 արծաթե և ոսկե մեդալ: Չի կարելի մարզիկին թերագնահատել, չի կարելի մարզիկին ոգևորելու փոխարեն քննադատել, քանի որ սա սպորտ է, որտեղ լինում են վերելքներ, վայրէջքներ: Եղել եմ պատրաստ, բայց չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց ինձ հետ:
Դուրս ես գալիս հարթակ, տեսնում ես հազարավոր մարդկանց… ինձ համար մինչ օրս գաղտնիք է, թե ինչու այդպես եղավ: Բայց ես չեմ ընկճվել և շարունակում եմ իմ գործը: Մարզվելու եմ լրջագույնս, որ հասնեմ նպատակիս, և ովքեր մտածում էին, որ սա իմ կարիերայի վերջն է, և ես չպետք է հայտնվեի Օլիմպիական խաղերում, պետք է ապացուցենք, որ դա այդպես չէ: Մենք կրկին ուրախացնելու ենք՝ մեր եռագույնը բարձրացնելով ու բարձր կիլոգրամներով:
Սպասելիքների մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ առաջիկայում կա 2-3 ամիս: Պետք է մարզվել, տանջվել, որպեսզի արդյունքի հասնել: Իսկ մրցաշարից հետո, կարծում եմ, կհանդիպենք և տպավորությունների մասին կխոսենք:
Ամանորը դիմավորելու եմ Հայաստանում, տանը, ընտանիքիս անդամների հետ:
Մաղթում եմ մեր հայ ազգին երջանկություն, առողջություն: Բոլորին մաղթում եմ լիություն և ամենայն բարիք: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»:







































