Դաբաղ հիվանդության կանխարգելման մեթոդների, համակարգված արձագանքման եղանակների, անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ այս անգամ խոսվել է Վրաստանի և Հայաստանի սահմանակից բնակավայրերում կազմակերպված համատեղ քննարկման և անդրսահմանային գործնական ուսուցման մեթոդի՝ սիմուլյացիոն վարժանքի միջոցով։
Վարժանքին մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։
Վրաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ քննարկում արտակարգ իրավիճակներում դաբաղ հիվանդության կանխարգելման գործողությունների պլանների, տարածաշրջանի երկրների միջև համակարգված արձագանքման եղանակների, հիվանդության դեպքեր հայտնաբերելիս իրականացվող հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ:
Վրաստանի Մառնեուլի և Հայաստանի Բերդավան բնակավայրերում իրականացված սիմուլյացիոն վարժանքի ընթացքում տարբեր երկրների անասնաբույժները կատարել են կենդանիների կլինիկական զննում, նմուշառում, համաճարակաբանական հետազոտություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսանվտանգության կանոնների պահպանմանը։
Վարժանքի արդյունքները միջազգային փորձագետների կողմից դրական է գնահատվել, շեշտվել է, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն տեղեկատվության արագ փոխանակման և համատեղ իրականացվող գործողությունների միջոցով:








































